Այն լուրերը, թե իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դժգոհ է ընտրությունների արդյունքներից և կարող է շահագրգռված լինել դրանք անվավեր ճանաչելու հարցում, որևէ հիմք չունեն։ Այս մասին հունիսի 19-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ընթացքում հայտնել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

«Սա հերթական մեկնաբանությունն է աբսուրդի ժանրից։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը շնորհակալ է Հայաստանի Հանրապետության 728 հազար քաղաքացիներին, որոնք աջակցեցին խաղաղությանը», - ասել է Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը միանձնյա կձևավորի իշխանություն, և «Հայաստանի Հանրապետության շահերի իրագործման համար որևէ խոչընդոտ չի առաջանա»։

Պատգամավորը պարզաբանել է, որ իշխող ուժը դժգոհ է ոչ թե ընտրությունների արդյունքներից, այլ, իր պնդմամբ, ընտրակաշառքի մեխանիզմների կիրառման հնարավոր դեպքերից։ «Մենք դժգոհ ենք միայն նրանից, որ որոշ չափով հնարավոր է եղել կիրառել ընտրակաշառքի բաժանման մեխանիզմը։ Նոր օրինագծի և մի շարք այլ իրավական գործընթացների միջոցով մենք կլուծենք այս բոլոր խնդիրները», - նշել է իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղարը։

Իր հերթին, նրա գործընկերը՝ իշխող կուսակցությունից պատգամավոր Ալխաս Ղազարյանը, ընդգծել է, որ Սահմանադրական դատարանն անկախ մարմին է և իր որոշումներն ընդունում է ինքնուրույն՝ անկախ իշխող կուսակցության դիրքորոշումից։ Պատգամավորը նաև հիշեցրել է, որ 2021 թվականի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել էր մոտ 680 հազար ձայն, իսկ ներկա ընտրություններում՝ 728 հազար։ Նրա խոսքով՝ իշխող ուժը շնորհակալ է քաղաքացիներին ցուցաբերած վստահության համար։

Ղազարյանը նաև մատնանշել է ընտրակաշառքի համար պատժամիջոցների խստացման նախաձեռնության կարևոր նշանակությունը։ Նա հիշեցրել է նաև պատգամավորական նախաձեռնությամբ շրջանառության մեջ գտնվող օրինագծի մասին, որով առաջարկվում է ընտրելու իրավունք տալ միայն այն քաղաքացիներին, որոնց հիմնական շահերը կապված են Հայաստանի Հանրապետության հետ (ընտրություններին նախորդող տարվա ընթացքում երկրում ավելի քան կես տարի բնակվածներին – խմբ.)։