Հունիսի 25-ից 29-ը Երևանում և Գյումրիում կանցկացվի Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնը։ Փառատոնն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի գլխավոր հովանավորությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Հունիսի 22-ին Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է փառատոնի տնօրեն, կինոռեժիսոր, պրոդյուսեր և հասարակական գործիչ Գուժ Թադևոսյանը։

Փառատոնը կազմակերպվել է «Հայ կինոարտադրության զարգացման» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ։ Կազմակերպիչների խոսքով՝ դրա նպատակն է բացահայտել երիտասարդ կինոռեժիսորների ներուժը, նպաստել նրանց մասնագիտական աճին, ինչպես նաև ամրապնդել տարբեր երկրների երիտասարդ կինեմատոգրաֆիստների միջև ստեղծագործական և գործընկերային կապերը։

Փառատոնի ծրագրային կառուցվածքի հիմքը այս տարի ևս կազմում են երկու հիմնական մրցութային ուղղությունները՝ միջազգային և ազգային ծրագրերը։ Ֆիլմերի ցուցադրություններից բացի, նախատեսվում են վարպետության դասեր, ստեղծագործական հանդիպումներ, քննարկումներով ուղեկցվող դիտումներ, շնորհանդեսներ և մասնագիտական այլ միջոցառումներ։

«Շիրակի մարզն արդեն թվով վեցերորդն է, որտեղ կանցկացվի այս փառատոնը։ Եվ ես, որպես փառատոնի ղեկավար, պետք է վստահությամբ ասեմ, որ այս ավանդույթը շատ դրական ազդեցություն ունի մարզերում մշակութային կյանքի ակտիվացման գործում»,— ասել է Թադևոսյանը։

Նա հավելել է նաև, որ փառատոնի մասնակիցները հրաշալի հնարավորություն են ստանում Հայաստանի բավականին հետաքրքիր կինոլոկացիաներին ծանոթնալու համար, քանի որ դրանք կարող են օգտագործվել ֆիլմարտադրության մեջ։

Միջազգային մրցույթում ընդգրկվել է 22 երկրից և համատեղ կինոարտադրական նախագծերից ստացված 24 ֆիլմ։ Ծրագրում ներկայացված են Լյուքսեմբուրգից, Իրանից, Նոր Զելանդիայից, Բելգիայից, Ֆրանսիայից, Հունաստանից, Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից, Ղազախստանից, Նիդերլանդներից, Լեհաստանից, Լիբանանից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից, Հունգարիայից, Հորդանանից, Պաղեստինից, Իտալիայից, Շվեյցարիայից, Չինաստանից, Կանադայից, Ռումինիայից և Կաբո Վերդեից ժամանած կինեմատոգրաֆիստների աշխատանքներ։

Կազմակերպիչների կարծիքով, մասնակիցների նման կազմը ոչ միայն ընդգրկուն աշխարհագրություն է հաղորդում ծրագրին, այլև տարբեր կինոլեզուների, գեղարվեստական մոտեցումների ու թեմատիկ ուղղությունների հարուստ համադրություն։

Ավելին՝ միջազգային մրցութային ծրագրի մի շարք ֆիլմեր արդեն հասցրել են նկատելի ճանապարհ անցնել տարբեր փառատոններում։ Ներկայացված աշխատանքներից մի քանիսն առնչվում են այնպիսի հեղինակավոր կինոփառատոնների, ինչպիսիք են Կաննի, Վենետիկի, Բեռլինի, Լոկառնոյի, «Սանդենս», Կլերմոն Ֆերանի կարճամետրաժ ֆիլմերի, Սան Սեբաստիանի, Ռոտերդամի միջազգային կինոփառատոնները, ինչպես նաև «PÖFF Shorts» ծրագիրն ու Տալլինի «մռայլ գիշերներ» կինոփառատոնը։ Սա լրացուցիչ կշիռ է հաղորդում միջազգային սեգմենտին և վկայում այն մասին, որ ծրագիրը ձևավորվել է ոչ միայն լայն աշխարհագրական ներկայացվածության սկզբունքով, այլև հաշվի առնելով արդի փառատոնային համատեքստը։