ՍԴ–ն ինձ նկատողություն հայտարարեց տեղից խոսելու կամ առանց թույլտվության խոսելու համար, իսկ իրականում ես ընդամենը առարկում էի հետևյալ ձևակերպման դեմ. ըստ էության փորձառու փաստաբանները գիտեն, որ այսպես կոչված մերկացնող հարցը ուղղակիորեն արգելված է և առավել ևս արգելված է դատարանի կողմից, դա դատավորի վարույթից հեռացման հիմք է։ Այս մասին, այսօր ՍԴ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ–ում ԲՀԿ շահերը ներկայացնող փաստաբան Արամ Օրբելյանը։

Նրա խոսքով, երբ ՍԴ դատավորի կողմից երեք անգամ հնչում է «երեք ուժեր» արտահայտությունը, առանց հստակեցնելու, թե որ ուժերի մասին է խոսքը, այն դեպքում, երբ 7 ուժեր են դիմել ՍԴ, ակնհայտորեն երևում է կողմնակալություն կամ իշխող ուժի քաղաքական թեզերը շարունակելու մտադրություն։

«Ամենամեծ խնդիրը առաջացավ հետևյալ պնդման հետ կապված, թե արդյո՞ք ազդել են ընտրությունների վրա այն, որ Ռուսաստանը ի օգուտ ընդդիմադիրների գործողություններ է կատարել։

Հիմա արդյոք կարող է Սահմանադրական դատարանի եզրահանգման վրա ազդել Սեդա Սաֆարյանի անկողմնակալ լինելը, այս հարցը թույլատրելի՞ հարց է, թե ոչ։ Շատ պարզ հարց եմ տալիս՝ Սեդա Սաֆարյանի կողմնակալ և ելքով շահագրգիռ լինելը ազդելու է արդյոք գործի ելքի վրա։ Իհարկե, չի կարելի նմանն հարցեր տալ։

Մենք մեր բողոքի մեջ ունենք ձևակերպումներ, որ օտարերկրյա պետությունները միջամտել են հայկական ընտրական գործընթացին՝ անվանական աջակցությամբ։ Աջակցությունը եղել է հենց անվանական, հենց կոնկրետ մարդու անուն ազգանունով։

Մենք գտնում ենք, որ հիմքերը կան, որ Սեդա Սաֆարյանի մասնակցության անհնարինության հարցը բարձրացվի։ Նա հարցի անվան տակ կատարում է հստակ պնդումներ։ Ընդ որում այդ խնդիրը կար նախկինում, երբ հստակ արձանագրվում էր, որ ընտրակաշառք են բաժանել և դա կասկածի տակ չէր դրվում, չէին ասում ենթադրյալ, չէին ասում գործեր են հարուցվել, ուղղակիորեն փաստն են արձանագրում»,– ընդգծեց Օրբելյանը։