Մենք դիմում չենք ներկայացրել նրա համար, պնդելով, որ եթե ընտրությունների արդյունքները չլինեին այնպիսին, ինչպիսին կան, մենք անցնում էինք խորհրդարան, կամ չէինք անցնում խորհրդարան, մենք արձանագրել ենք խախտումներ, այդ խախտումները մեր համոզմամբ եղել են համակարգային։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 1–ին, ՍԴ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ–ում «Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանը։
«Ընդ որում, էականորեն տարբեր է մեր ներկայացրած դիմումի բովանդակությունը այն առումով, որ հիմնական շեշտադրման անկյունաքարը նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում տեղ գտած խախտումներն են, և հատկապես իշխող ուժի կողմից թույլ տրված խախտումները, որովհետև այդ խախումների արդյունքում չի ձևավորվել ընտրողների այն կամքը, որը կլիներ հավասար պայմանների դեպքում։
Այսինքն քվեախցիկի առաջ կանգնած, ընտրություն կատարելիս ընտրողի վրա նախապես արդեն տեղի է ունեցել օրենքով արգելված ազդեցություն այն միջոցներով, որոնք մենք դատաքննության ընթացքում դատարանի առջև բարձրաձայնեցինք։ Ցավոք սրտի այդ կասկածները չփարատվեցին»,–ասաց նա։
Անդրադառնալով պատասխանողների ու հարակից պատասխանողների ելույթներին, Դրմեյանն ասաց. «Հակակոռուպցիոն կոմիտեն նշեց, որ համատարած խախտումներ են եղել, ընտրակաշառքը ամբողջ Հայաստանում է եղել, Երևան քաղաքով մեկ, և սա հենց փաստում է այն հանգամանքը, որ եթե եղել են նման խախտումներ, ուրեմն առավելապես պիտի ընտրությունները ճանաչվեն անվավեր։ Դրանից ավել վառ ապացույց, որ ընտրությունները պետք է ճանաչվեն անվավեր, ես կարծում եմ լինել չի կարող։
Ինչ վերաբերում է ԿԸՀ–ին, Հանձնաժողովի անդամները ևս ընդունեցին, որ գերձանաձեռնված են եղել, լարված վիճակում են աշխատել։ Մեր համոզմունքն էլ է դա, և մենք դիմումի բացատրություններում շեշտադրեցինք, որ միգուցե հենց հանձնաժողովը չի ունեցել բավարար կարողություններ այդ ամբողջ խախտումները բացահայտելու, դրանց հրատապության կարգով անդրադառնալու։ Որովհետև եթե պետությունը չի կարողանում կազմակերպել ընտրությունները հավասարության ու ազատության սկզբունքների պահպանմամբ, արդյունքում լինում է այն, որ մենք հայտնվում ենք Սահմանադրական դատարանում։ Այդ հիմնավորմամբ է, որ ընտրությունները պետք է ճանաչվեն անվավեր»։
Խոսելով ՍԴի–ից իրենց ակնկալիքներից, նա ասաց. «Դեռ հույսը պահպանվում է, որ ՍԴ–ն կմնա իր բարձրության վրա և և կարձանագրի, որ այն խախտումները, որոնք ներկայացվեցին բոլոր դիմումատուների կողմից, որոնք ցույց էին տալիս դրանց համակարգված և նաև համատարած բնույթը, կարող էին ազդել ընտրության արդյունքների վրա, և անվավեր կճանաչի ընտրության արդյունքները»։
Հիշեցնենք, որ հունիսի 26-ին մեկնարկել և մինչև այսօր շարունակվում էր ՍԴ-ում հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների հիման վրա միացված գործի քննությունը։
Այսօր քննությունն ավարտվեց և ՍԴ–ն հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, որ վերջնաժամկետը հուլիսի 4–ն է։











