Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Երևան՝ ասելու, որ կարող եք ապավինել մեզ։ Այդ մասին նա հայտնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հուլիսի 2-ին կայացած համատեղ ճեպազրույցում։
Շնորհավորելով հունիսի 7-ին կայացած ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ՝ Լայենը հայտարարել է, որ այս ընտրությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին Հայաստանի ժողովրդավարության ամրությունը, և որ հեղափոխության ոգին կենդանի է ու ծաղկում է։ «Ես եկել եմ ասելու՝ կարող եք ապավինել մեզ։ Երբ Հայաստանը ավելի մոտ է Եվրոպային, ամբողջ Հարավային Կովկասն էլ ավելի է մոտենում»,- հայտարարել է եվրոպացի պաշտոնյան։ Խոսելով տարածաշրջանային գործընթացների մասին՝ նա ընդգծել է խաղաղության պայմանագրի նախաստորագրման և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պատմական կարևորությունը։ Նրա խոսքով՝ դա պահանջում է քաղաքական կամք և համարձակություն, սակայն արդյունքները տպավորիչ կլինեն՝ տարածաշրջանը վերածելով կարևորագույն խաչմերուկի։
Լայենը Երևանում կրկնել է նախօրեին Բաքվում հնչեցրած խոստումները՝ Կովկասում կապակցվածության նախագծերի համար 200 մլն եվրո հատկացնելու մասին, ինչը հեռանկարում կարող է բերել 2 մլրդ եվրոյի ներդրումների տրանսպորտի և էներգետիկայի ոլորտների նախագծերում։ Եվս 20 մլն եվրո եվրոպացի պաշտոնյան խոստացել է հատկացնել սահմանամերձ գյուղերի տնտեսության զարգացմանը, միկրոձեռնարկությունների ստեղծմանը, սառնարանային կայանքներին, ջրային ռեսուրսների կառավարմանը։ Ընդհանուր առմամբ, սա հիմք կստեղծի երկխոսության համար և թույլ կտա հասնել խաղաղության համար առարկայական արդյունքների։











