Ես համարում եմ և դա նաև բարձրաձայն եմ ասել, որ եթե ինչ-որ պահի ես պետք է լքեի Ազգային ժողովի նախագահի պաշտոնը, Ռուբեն Ռուբինյանը ամենալավ թեկնածու էր, որը կարող էր ինձ փոխարինել։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 2–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Ես հաջողություն եմ մաղթում իրեն։ Նախ ինքը իմ ընկերն է, ես իրեն շարունակում եմ համարել իմ ընկերը, ես շատ ուրախ եմ, որ իր հետ աշխատել եմ, իմ գործընկերն է։
Մաղթում եմ, որ ինքը լինի երկրորդ Ազգային ժողովի նախագահը, որը իր ժամկետը մինչև վերջ կպաշտոնավարի, նույնը կարող եմ ասել փոխխոսնակների մասով, մասնավորապես, Հայկ Կոնջորյանի մասով, որովհետև 2021 թվականի Ազգային ժողովը պատերազմից հետո ստեղծված Ազգային ժողով էր և այն, ինչ որ ինքը արեց, ես չէի կարող։
Ես ոչ այդ ուժը, ոչ այդ համբերությունը չէի ունենա խմբակցության հետ, որը լուրջ քաղաքական գործիչներ են, ծանրակշիռ պատմություն ունեցող մարդիկ են, ինքը բալանսավորված պահեց։
Ինչ վերաբերում է Վահագն Ալեքսանյանին, մարդը աճեց, եկավ իր գործունեությամբ և ընտրվեց, իրեն նույնպես հաջողություն եմ մաղթում։ Տեսնենք ով է լինելու խմբակցության ղեկավարը այս անգամ, որովհետև էլի դժվար Ազգային ժողով է սպասվում։ Ես վստահ եմ, որ քաղաքական կրքերը չեն դադարելու։ Նաև ասեմ, որ Ազգային ժողովում հայտնվելու են մարդիկ, որոնք նախ անփորձ են քաղաքական առումով, որ ունի իր դրական և բացասական կողմերը, ես նկատի ունեմ ընդդիմադիր գործընկերներին։ Ունի իր դրական կողմը այն առումով, որ հլը ամեն ինչ կորցված չէ և կարելի է մեջներից լուրջ քաղաքական գործիչներ գտնել, միևնույն ժամանակ էլի ագրեսիան, ատելությունը, բացասական էմոցիան, լարվածությունը, կարծում եմ, ցավոք սրտի, չի պակասելու, որովհետև քարոզարշավը դա էր հուշում»,–ասաց նա։











