Իրադարձային տուրիզմը հսկայական ազդեցություն է թողնում մեր երկրի նկատմամբ հետաքրքրության վրա, և մենք միջազգային հանրության կողմից բացառապես դրական արձագանք ենք տեսնում։ Հուլիսի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի մարքեթինգի և խթանման վարչության պետ Դիանա Կարապետյանը։
Նա նշել է, որ դրամաշնորհային մրցույթի շրջանակում Զբոսաշրջության կոմիտեն այս տարի կաջակցի 12 տարաբնույթ փառատոների, որոնք կընդգրկեն երկրի գրեթե բոլոր մարզերը։ Նրա խոսքով՝ իրադարձային տուրիզմը զարգանում է ռեկորդային տեմպերով և երկիր է բերում զբոսաշրջիկների հսկայական հոսքեր։ Որպես օրինակ պաշտոնյան նշել է անցած տարի Երևանի գլխավոր ամանորյա տոնածառի լույսերի վառման արարողությունը, որը լայնորեն լուսաբանվեց միջազգային մամուլում։ «Այդ իրադարձության շնորհիվ հունվարին մենք ընդունեցինք ռեկորդային թվով հյուրերի՝ 179,409 զբոսաշրջիկ, ինչը բացարձակ պատմական առավելագույն ցուցանիշ է այդ ամսվա համար»,- ընդգծել է Կարապետյանը։ Այս սեզոնի առաջին խոշոր միջոցառումը կլինի Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում մեղրի փառատոնը, որը նախատեսված է հուլիսի 20-ին։
Ավանդական ու հանրության կողմից սիրված բրենդների թեման շարունակել է Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը՝ ազդարարելով Ստեփանավանում կայանալիք՝ բոլորի կողմից սպասված Խորովածի հանրահայտ փառատոնի վերադարձը, որը նախատեսված է օգոստոսի 1-ին։ Ապրեսյանն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ նմանատիպ տոնակատարությունները կարևորագույն առաքելություն ունեն՝ արտերկրում ձևավորված բացասական կարծրատիպերը կոտրելու հաևցում, քանի որ անվտանգության քարտեզներում Հայաստանը դեռևս անարդարացիորեն նշվում է «կարմիր գոտիներով»։ «Փառատոների ժամանակ հազարավոր օտարերկրացիներ ու տեղացիներ լիովին անհոգ ու երջանիկ զբոսնում են փողոցներով՝ բաժակները ձեռքներին վայելելով մեր մշակույթը։ Նման պահերի լայն լուսաբանումն ամբողջ աշխարհին ցույց է տալիս իրական պատկերը․ Հայաստանը անվտանգ, հյուրընկալ և գրավիչ երկիր է»,- ընդգծել է հասարակական կազմակերպության ղեկավարը։ Նա նաև հավելել է, որ զբոսաշրջիկների համակարգված հոսք ներգրավելու համար չափազանց կարևոր է տարեցտարի անփոփոխ պահել առանցքային փառատոների անցկացման վայրերն ու ժամկետները։
Մշակութային մայրաքաղաքի լայնածավալ ծրագրի մասին պատմել է Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը՝ նշելով, որ պետության կողմից աջակցություն ստացած 12 փառատոներից երեքն անմիջականորեն կապված են իրենց քաղաքի հետ։ Օգոստոսի սկզբին Գյումրու գլխավոր իրադարձությունը կլինի «Դալանֆեստ» ռոք փառատոնը, որը կանցկացվի օգոստոսի 7-ին, 8-ին և 9-ին։ Նրա խոսքով՝ ռոք խմբերը ելույթ կունենան հենց քաղաքի պատմական կամարների ներքո, ինչը խորհրդանշական հղում է 1970-ականների գյումրեցի լեգենդար «Բամբիռ» խմբի հանրահայտ ավանդույթին։ «Սա պարզապես երաժշտական իրադարձություն չէ, մենք ցանկանում ենք հանրայնացնել մեր քաղաքի յուրօրինակ ճարտարապետությունը։ Չափազանց կարևոր է նաև այն, որ փառատոնի օրերին Երևանից Գյումրի կգործեն անվճար մեծ ավտոբուսներ, ինչը թույլ կտա բոլոր ցանկացողներին հեշտությամբ հասնել տոնակատարության վայր»,- հայտնել է Թովմասյանը։ Նա նաև հավելել է, որ գյումրյան մեկ այլ հաջողված նախագիծ՝ «Հայաթ Ջազ» փառատոնն այս տարի դուրս կգա քաղաքի սահմաններից և կընդգրկի երկրի ևս չորս մարզերի թանգարանային բակերը՝ ներառյալ Գորիսն ու Դիլիջանը։











