Հանրապետական կուսակցության «Բարգավաճ Հայաստանի» հետ կոալիցիա կազմելը տրամաբանական է: Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

Նրա փոխանցմամբ՝ ՀՀԿ-ին այդ կոալիցիայի կազմումը պետք է ներքին լեգիտիմության աստիճանը բարձրացնելու, ինչպես նաեւ աշխարհին դա ցույց տալու համար: «Աշխարհի եւ ներքին լեգիտիմության համար պետք է այդ կոալիցիան, աշխարհը չի սիրում միակուսակցական համակարգ»,- նշեց նա:

Քաղաքագետի կարծիքով՝ ԲՀԿ-ն ուժ է, որն ընդդիմադիր չէ, ընդդիմախոս է, եւ այդ սկզբունքով էլ ներկայանալով՝ շատ ձայն հավաքեց ընտրություններում:

«Հաճախ մեզ մոտ զարգացումները այլ ուղղությամբ են գնում, բայց այս պահին դա է հավանական»,- նշեց նա:

Եթե ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիան չլինի, ապա, Ս. Գրիգորյանի կանխատեսմամբ, ՀՀԿ-ն կոալիցիա կկազմի իր փոքր պարտնյորների հետ՝ «Օրինաց երկիր», «Ժառանգություն»:

«Այլ կոալիցիաներ չեմ պատկերացնում, օրինակ՝ ՀԱԿ- ՀՅԴ: Եթե ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիա չկազմվի, միգուցե ապագայում այլ կոալիցիաներ կազմվեն»,-նշեց նա:

Ինչ վերաբերում է օրենսդիրի եւ գործադիրի հնարավոր ղեկավարներին, ապա դա պարզ կլինի ՀՀԿ-ԲՀԿ դաշինքի կազմումից հետո, որը կլինի մեծ գործոն այդ հարցում: