Արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի պաշտպանական կողմը սպասում է իրենց վստահորդի իրավունքների բազմաթիվ խախտումների հետ կապված ՄԱԿ-ի փորձագետների վերջնական զեկույցին։ Այս մասին «18 արդարների» գործով հերթական նիստից առաջ, դատարանի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում, հայտարարել է սրբազանի փաստաբան Տաթևիկ Սողոյանը։
Փաստաբանը հայտնել է, որ հարցն ուսումնասիրել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների 6 փորձագետ։ Նրանց են փոխանցվել իշխանությունների թույլ տված բազմաթիվ խախտումների, Գալստանյանի և մյուսների նկատմամբ քաղաքական հետապնդումների, հակաահաբեկչական օրենսդրությունը քաղաքական նպատակներով կիրառելու, Եկեղեցու դեմ հարձակումների և նմանատիպ այլ երևույթների վերաբերյալ տվյալները։
Սողոյանի խոսքով՝ 6 փորձագետները հանգել են այն եզրակացության, որ եթե այդ ամենն իրականություն է, ապա գործ ունենք մարդու իրավունքների կոպտագույն խախտումների հետ, և այն բանի հետ, որ Հայաստանը չի կատարում իր բազային պարտավորությունները։ Փաստաբանը նշել է, որ փորձագետներն առանձնահատուկ ուշադրություն են դարձրել 2024 թվականի հունիսի 12-ի միջադեպին՝ ընդգծելով «Զարյա» հատուկ միջոցի ու նվազագույն խոցելիության զենքի կիրառման անընդունելիությունը, ինչպես նաև պատշաճ քննության բացակայությունը։ Փորձագետների արձագանքը խիստ է եղել․ բռնություն է կիրառվել խաղաղ ցուցարարների նկատմամբ, իսկ ընդդիմադիրներին ձերբակալել են քաղաքական հայացքներ արտահայտելու համար։
Տաթևիկ Սողոյանի պնդմամբ՝ իշխանությունների պատասխանները չեն կարող բավարար համարվել․ «Սպասում ենք ՄԱԿ-ի փորձագետների գնահատականների վերջնական զեկույցին»։
Այն հարցին, թե արդյոք այդ զեկույցը կարող է հիմք ծառայել գործը կարճելու համար, փաստաբանը հայտարարել է, որ իշխանություններն արդեն իսկ պետք է ազատ արձակած լինեին մարդկանց, փոխհատուցում տրամադրեին և ներողություն խնդրեին։











