Եթե Մեծ մետաքսի ճանապարհը սիրտ ունի, որը շարունակում է բաբախել՝ հակառակ երկնաքերերի և արագընթաց գնացքների դարաշրջանին, ապա այն գտնվում է Ուրումչիի հարավում։ Էրդաոցյաոյի պատմական թաղամասում, որտեղ հնությունը հանդիպում է ժամանակակից մեգապոլիսի աղմուկին, տեղակայված է Սինցզյանի միջազգային Գրանդ բազարը։

Սինծյանի միջազգային մեծ բազարը Ուրումչիում Չինաստանի Սինծյան-Ույգուրական ինքնավար շրջանի գլխավոր մշակութային-զբոսաշրջային և առևտրային համալիրն է: Դա տարածքով (ավելի քան 100 հազար քմ) աշխարհի խոշորագույն շուկաներից մեկն է:

Մեծ բազարը ոչ թե սոսկ շուկա չէ, այլ XXI դարում կառուցված արևելյան հեքիաթի մասշտաբային դեկորացիա:
Ավազային աղյուսով երեսպատված համալիրն ավելի քան տասը ֆուտբոլային դաշտի տարածք է զբաղեցնում:

Դրա կենտրոնում վեր է խոյանում 80-մետրանոց դիտաշտարակը, որը հիշեցնում է հնագույն մինարեթ: Դրա գագաթից Ուրումչին բացվում է իր ամբողջ հակադրությամբ. առաջին պլանում գմբեթների կորերն են և առևտրային հրապարակների բազմաձայնությունը, իսկ հետևում՝ բարձրահարկերի փայլուն ապակե ճակատներն ու Տյան Շանի ձյունապատ գագաթները:
Տարածությունն այնպես է կառուցված, որ այցելուն կորցնում է ժամանակի զգացողությունը՝ ստվերոտ կամարակապ պատկերասրահներից անցնելով դեպի աղբյուրներով արևոտ հրապարակներ:

Բազարի յուրաքանչյուր բաժին ապրում է իր ռիթմով և հագեցած է յուրահատուկ ակուստիկայով:
Արհեստագործական շարքերում փորագրիչները նախշեր են դրոշմում պղնձե սափորների վրա, իսկ երաժիշտ-վարպետներն անմիջապես կսմթում են լարային դուտարի և ռավապի լարերը՝ ստուգելով դրանց հնչողությունը:
Օդը ներծծված է չորացրած զիրայի, բադյանի, տապակած գառան մսի և չորացրած սեխի քաղցրավուն բույրի խիտ խառնուրդով։

Տեքստիլի տաղավարները կուրացնում են գույների առատությամբ. այստեղ վաճառում են հայտնի սինծյանական մետաքսը՝ իր նախշազարդ, կարծես ջրով լվացված երանգներով, ինչպես նաև ձեռագործ ծանր գորգեր և տեղական նեֆրիտից պատրաստված իրեր:

Առանձնահատուկ ուշադրության են արժանի չրերի շարքերը։ Սինցզյանի արևը տեղական չամիչը, ծիրանի չիրը, թուզը և ընկույզը դարձնում է աներևակայելի քաղցր։ Վաճառողները սիրով առաջարկում են համտեսել ապրանքը մինչև գնելը՝ համտեսը վերածելով լիարժեք խորտիկի։

Տեղական խոհանոցի գլխավոր հերոսը նանն է (ավանդական բլիթ)։ Այստեղ այդ հացին նվիրված է մի ամբողջ ինտերակտիվ թանգարան։ Հսկայական թոնիրներում, հենց հանդիսատեսի աչքի առաջ, թխվում են նանի տասնյակ տեսակներ՝ քունջութով, սոխով, մսով և նույնիսկ չրերից պատրաստված վարդակներով։

Կողքին կարմիր ուռենու ճյուղերի վրա տապակվում է ոչխարի խորովածը (չվոէր), թշշում է հսկայական կաթսաներում բուրավետ փլավը, իսկ վարպետները ձգում են լագմանի ամենաբարակ լապշան: Այս ամբողջ առատության վրայից առաջարկվում է ըմպել տեղական մեղրային կվաս:
Արուս Բակունց, Սոֆի Էլիզբարյան











