Հայաստանում ընտրական իրավունքը խախտվում է 1995 թվականից, իսկ այսօր Սահմանադրությունը չի գործում, և բոլոր իրավունքները խախտված են։ Այս մասին հուլիսի 25-ին Երևանում «Ձայնի իրավունքի սահմանափակումները միահեծան իշխանության պայմաններում» թեմայով քննարկման ժամանակ հայտնել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության խորհրդի անդամ, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
«Մյուս հարցն այն է, թե ինչպիսին է Հայաստանի քաղաքական դաշտը, և ընտրողները որ ուժերից պետք է կատարեն իրենց ընտրությունը։ Ո՞ւմ են պետք այն քաղաքական ուժերը, որոնք կապված չեն հանրության հետ։ Իսկ ո՞վ պետք է ապահովի այդ կապը։ Քաղաքացիական հասարակությունը, որը Հայաստանում ծառայում է տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների շահերին», — պարզաբանել է նա։
Նրա խոսքով՝ որոշ ուժեր նախաձեռնել են ԵՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ արհեստական օրինագիծ, թեև երկիրն առանց այդ էլ զարգացնում էր հարաբերություններն Արևմուտքի հետ։ «Սա երկիրը գցեց ծուղակը և հարվածեց տնտեսությանը», — նշել է Դանիելյանը։
Քաղաքական գործիչը հավելել է, որ եթե հանկարծ Հայաստանը հայտարարի, թե ցանկանում է սկսել ԵՄ-ին անդամակցության գործընթացը, ապա Բրյուսելը ձեռքերը կլվանա և կասի, որ հայաստանյան ՀԿ-ներն իրենք են նախաձեռնել ստորագրահավաքը։
«Ես այսօր տեսնում եմ դրական փոփոխություններ. Հայաստանում սկսում է ձևավորվել իրական քաղաքացիական հասարակություն։ Հայաստանի ամենագլխավոր քաղաքական խնդիրը սահմանադրական կարգի վերականգնումն է։ Այս գաղափարը կարող է միավորել», — ընդգծել է Դանիելյանը։
Նրա խոսքով՝ ճիշտ բանաձև ընտրելու դեպքում Հայաստանում հանրային շարժումները կարող են ստեղծվել մեկ ամսվա ընթացքում։











