Իրավապահ համակարգն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պետք է հստակ իրավական և կարգապահական գնահատական տան Աբովյան քաղաքում ՔՊ-ականների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին։ Հուլիսի 29-ին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։
Անդրադառնալով թիմակիցների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի և փոխադարձ հայհոյանքների վերաբերյալ տեղեկություններին՝ Թորոսյանը շեշտել է, որ բռնության ցանկացած դրսևորում կամ կուսակցական էթիկայի խախտում սկզբունքորեն անընդունելի է․ «Կուսակցությունում առկա են գործող ատյաններ, որոնք նմանատիպ արարքների համար նախկինում ևս բազմիցս որոշում են կայացրել անդամներին կուսակցության շարքերից հեռացնելու մասին»։ Նա միաժամանակ հորդորել է հստակորեն տարբերակել հարցի իրավական և քաղաքական կողմերը․ հնարավոր հանցակազմի քննությունը քննչական մարմինների և դատարանի տիրույթում է, իսկ ներկուսակցական կարգապահական հարցերը՝ իշխող կուսակցության Վարչության։
Արսեն Թորոսյանը նաև կտրականապես հերքել է լրագրողների՝ միջադեպը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հետ կապելու փորձերը, քանի որ վերջինիս եղբայրը՝ Ավետը, նույնպես միջադեպի մասնակից է եղել։ «Յուրաքանչյուր մարդ իր արարքների համար օրենքի առջև կրում է անհատական պատասխանատվություն՝ անկախ ազգակցական կապերից», - ընդգծել է Թորոսյանը՝ հավելելով, որ նոր գումարման խորհրդարանի փոխխոսնակի պաշտոնում Հայկ Կոնջորյանի թեկնածությունը վերանայելու որևէ պատճառ կամ հիմք չկա։











