«Ուժեղ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ նոր խմբակցության ներկայացուցիչների մեծ մասն առաջին անգամ է Ազգային ժողովում, և նրանց առջև խնդիր է դրված փոխել խորհրարանի դերը երկրի քաղաքական համակարգում։
Լրագրողների հետ զրույցում Կարապետյանը նշել է, որ խմբակցության շատ անդամների համար խորհրդարանական աշխատանքը նոր փորձառություն է, և կուսակցությունը պետք է մշակի իր գործունեության մոտեցումները։
«Բոլորիս համար՝ գրեթե բոլորի, ում այստեղ տեսնում եք, սա առաջին անգամն է։ Գրեթե բոլորը, բացի պարոն Վարդևանյանից, առաջին անգամ են այստեղ։ Մենք նոր ուժ ենք և պետք է հասկանանք, թե ինչ ձևաչափերով փոխենք Ազգային ժողովի վարկանիշը և ձևավորենք այնպիսի ուժ, որը կկարողանա որակական փոփոխությունների հասնել Հայաստանում»,- հայտարարել է նա։
Պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք խմբակցությունը կառուցողական մոտեցում կցուցաբերի իշխանության հետ աշխատանքում, թե կորդեգրի ավելի կոշտ դիրքորոշում, Կարապետյանը նշել է, որ կառուցողական համագործակցություն հասկացությունը հարաբերական է։
«Կառուցողակա՞ն՝ այն մարդկանց հետ, որոնք 58 հազար ձայն են կեղծել։ Դա շատ հարաբերական հասկացություն է»,- ասել է նա։
Ըստ Կարապետյանի, խմբակցության մոտեցումը կախված կլինի առաջարկվող նախաձեռնությունների բովանդակությունից և երկրի շահերին դրանց համապատասխանությունից։
«Մենք մի քանի տրամաբանություն ունենք։ Առաջինը երկրի, պետության շահերն են։ Եթե նրանք երկրի համար օգտակար որևէ բան ներկայացնեն, կմտածենք ու կքննարկենք»,- հայտարարել է նա։
Միևնույն ժամանակ խմբակցության ղեկավարը հայտարարել է, որ ներկայիս իշխանությանը պատրաստ չի համարում լիարժեք կառուցողական աշխատանքի՝ նրան մեղադրելով ընտրությունների ժամանակ թույլ տված խախտումների մեջ։
«Այն ուժը, որը կեղծել է 58 հազար մարդու բաց քվեն, այն ուժը, որը գիշերվա ժամը երկուսին դադարեցրել է քվեաթերթիկների հաշվարկը, կարծում եմ՝ պատրաստ չէ կառուցողական աշխատանքի»,- ասել է Կարապետյանը։
Միաժամանակ նա ընդգծել է, որ խմբակցությունը պատրաստ է դիտարկել իշխանության առաջարկները, եթե դրանք ուղղված լինեն երկրի օգտին։
«Իհարկե, եթե նրանք մեր երկրի համար օգտակար բան առաջարկեն, կքննարկենք։ Կարո՞ղ է արդյոք այդ ուժն օգուտ տալ։ Կարող է, եթե օգտակար բաներ լինեն»,- հավելել է նա։











