«Մեսրոպ Մանուկյանը երբեք չի հրաժարվել իր կենսագրության և ոչ մի տողից և երբեք չի ուրացել դա՝ ի տարբերություն Մանվել Գրիգորյանի օգնականների և սաների, որոնք համալրեցին ձեր թիմի շարքերը. նրանք մի օր պատրաստ էին մեռնել նրա համար, իսկ հաջորդ օրը՝ գալ ձեզ աղ ու հացով դիմավորելու»։ Այս մասին նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստում օգոստոսի 2-ին հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը՝ դիմելով խորհրդարանի նախագահի թեկնածու, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանին։
Դրանից քիչ առաջ իր ելույթում Ռուբինյանը Մանուկյանին հիշեցրել էր, որ վերջինս իր ժամանակին Ազգային ժողովում եղել է գեներալ Մանվել Գրիգորյանի օգնականը։
Մանուկյանը նաև հիշեցրեց այն մասին, թե ինչպես Ազգային ժողովի նախկին նախագահներ Արարատ Միրզոյանն ու Ալեն Սիմոնյանը, որոնք ժամանակին ապառիկով կենցաղային տեխնիկա էին գնում, այսօր կրում են մի քանի հազար դոլար արժողությամբ հագուստ և ձեռք բերում թանկարժեք անշարժ գույք։
Դրանից հետո նա անդրադարձավ «Հայբիզնեսբանկի» բաժնետոմսերի մի մասը Կենտրոնական բանկին փոխանցելու և Կոնստանտին Սոկոլովի կողմից բաժնեմաս ձեռք բերելու հարցին։ «Այսօր Ռուբեն Ռուբինյանի եղբայրը՝ Լևոն Ռուբինյանը, «Ամիոբանկի» (նախկին «Հայբիզնեսբանկի») վարչության նախագահի առաջին տեղակալն է և բիզնեսի զարգացման գլխավոր տնօրենը։ Ընդ որում, Կենտրոնական բանկը դառնում է բանկի բաժնետեր։ Արդյո՞ք այստեղ շահերի բախում չկա», — հարցրեց պատգամավորը։
Ըստ նրա, անմասն չի մնացել նաև Երևանի գործող քաղաքապետ Տիգրան Ավինյանը, որը «Հայբիզնեսբանկում» ստացել է 11 և 16 միլիոն դրամի վարկեր։ Ընդդիմադիրը նշեց, որ այդ գործարքից հետո Լևոն Ռուբինյանը նշանակվել է «ՎԻՎԱ Հայաստան» ընկերության ղեկավար մարմնի անդամ։
«Չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես են համատեղվում առևտրային բանկում բարձր պաշտոնը և «ՎԻՎԱ Հայաստանի» ղեկավարության մեջ աշխատանքը», — ասաց ընդդիմադիրը՝ հավելելով, որ հետագայում «Ամիոբանկի» կառավարմանն է անցել նաև Հրազդանի ցեմենտի գործարանը, որն այսօր սնանկ է ճանաչվել։
Հաջորդ տարօրինակ գործարքը, պատգամավորի կարծիքով, վերաբերում է «ՎԻՎԱ Հայաստանի» կողմից «Ռոստելեկոմի» ձեռքբերմանը։ «Այստեղ անվտանգության հարցեր կա՞ն, թե՞ ոչ։ Այսինքն՝ ձեռք են բերվում կապի երկու լուրջ օպերատորներ, և երկուսի կառավարման մարմիններում էլ ներկա է Լևոն Ռուբինյանը», — ուշադրություն հրավիրեց պատգամավորը։
Հիշեցնելով, որ Սոկոլովը նշանակվել է TRIPP հիմնադրամի ղեկավար՝ Մանուկյանը նշեց, որ նա նաև բաժնեմաս է ձեռք բերել Թեղուտի հանքավայրում։
«Ես թվարկեցի չորս կարևորագույն ոլորտ՝ ֆինանսներ, հանքարդյունաբերություն, ենթակառուցվածքներ և կապ։ Ցանկացած պետության համար սրանք ռազմավարական նշանակության ոլորտներ են ազգային անվտանգության տեսանկյունից, իսկ Հայաստանի դեպքում դրանք առանձնահատուկ կարևորություն ունեն Թուրքիայի համար։ TRIPP հիմնադրամի կառավարիչը, որի հիմնական շահառուն Թուրքիան է, և Թուրքիայի հետ բանակցողի եղբայրը ներգրավված են այս գործընթացներում», — հայտարարեց Մեսրոպ Մանուկյանը։
Շարունակելով իր ելույթը՝ նա հավելեց․ «Բայց եu տեսնում եմ նաև ավելի փոքր հովանավորչության օրինակներ։ Ձեր նախաձեռնությամբ ձեր աները՝ Հակոբ Հաջի Հակոբյանը, 2022 թվականին նշանակվել է Ազգային ժողովի արարողակարգի ծառայության պետ։ Սակայն այս մարդը նախկինում դատապարտվել է Թուրքիայում բնակվող Հայաստանի քաղաքացիներից կաշառք ստանալու համար՝ նրանց վերադարձի վկայականներ տրամադրելու դիմաց։ Այս տեղեկատվության հղումը գտնվում է բաց աղբյուրներում», — ասաց ընդդիմադիրը՝ բերելով Ստամբուլում երեխա ծննդաբերած և Հայաստան վերադառնալ ցանկացած քաղաքացուհու օրինակը։
Ելնելով ասված ամենից՝ պատգամավորը հանգեց բավականին անսպասելի եզրակացությունների․ «Ես փորձում էի հասկանալ, թե որ կետից են սկսել Արարատ Միրզոյանն ու Ալեն Սիմոնյանը և ուր են ի վերջո հասել։ Բայց ձեր մեկնարկային կետը ես հիմա նույնիսկ չեմ կարողանում որոշել։ Եվ ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ Ալեն Սիմոնյանն ու Արարատ Միրզոյանը ձեզ հետ համեմատած մանր ձկներ են։ Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ դուք «Քաղաքացիական պայմանագրի» ութոտնուկն եք», — եզրափակեց խորհրդարանականը։











