«Ողբերգությունների շղթան չի ընդհատվի, քանի դեռ իշխանության ղեկին է գտնվում այն մարդը, որը կարող էր կանխել 44-օրյա պատերազմը, Լեռնային Ղարաբաղի կորուստը, հազարավոր հայ տղաների զոհվելը, բայց դրանցից և ոչ մեկը չարեց»։ Այս մասին 9-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստում օգոստոսի 2-ին հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լևոն Քոչարյանը։

Ըստ նրա, դրա փոխարեն վարպետորեն մեղավորներ էին նշանակվում՝ հասարակությանը մոլորության մեջ գցելու նպատակով։ Նա հավելեց, որ վերջին տարիներին այլախոհության համար հետապնդումներն ուժեղացել են, իշխանությունները հարձակվել են անգամ Հայ Առաքելական Եկեղեցու վրա, հոգևորականներ են ձերբակալվել, իսկ նախընտրական շրջանում հետապնդումներն աննախադեպ էին համաշխարհային քաղաքականության մեջ։

Պատգամավորը պարզաբանեց, որ դրան ավելացել են, նրա գնահատմամբ, անգրագետ կամ գիտակցված քայլերն արտաքին քաղաքականության մեջ, որոնք Հայաստանը վերածել են գերտերությունների միջև հակամարտության ասպարեզի։ «Այս իշխանությունը չի գործում մեր ժողովրդի և հայրենիքի շահերից ելնելով, մենք չենք նահանջի մեր պայքարից, մենք չենք լռի», — նշեց նա։

Քոչարյանը շնորհակալություն հայտնեց «Հայաստան» դաշինքի ընտրողներին, ինչպես նաև ընդհանուր առմամբ ընդդիմության օգտին քվեարկած գրեթե 600 հազար ընտրողներին, որոնք, նրա գնահատմամբ, ճիշտ կողմնորոշվեցին տեղեկատվական ահաբեկչության ֆոնին։ «Թվում էր, թե ընտրությունների կեղծումն այն կարմիր գիծն էր, որը Նիկոլ Փաշինյանը երբեք չէր հատի, բայց վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ նրա համար, ըստ էության, կարմիր գծեր գոյություն չունեն», — նշեց նա։ Խորհրդարանականը վստահություն հայտնեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրողներն իրենց ձայները տվել են իրենց կամարտահայտման վրա գործադրված հսկայական ազդեցության տակ։ Նա պարզաբանեց, որ նախընտրական շրջանն անցել է աննախադեպ հետապնդումների ֆոնին, իշխանությունները վախի մթնոլորտ էին սերմանում, օգտագործում էին պետական բյուջեի միջոցները և սոցիալական ծրագրերի տեսքով զբաղվում ընտրողների կաշառմամբ։

Լևոն Քոչարյանն աննախադեպ անվանեց նաև արտաքին միջամտությունը։ «Փաշինյանն այնքան էր պետք օտարերկրյա ուժերին, որ նրանք, խախտելով միջազգայնորեն ընդունված սկզբունքները, ուղղակիորեն միջամտեցին Հայաստանում ընտրական գործընթացին», — ընդգծեց նա։

Պատգամավորը ցավով նշեց, որ աջակցության համար վճարելու է ոչ թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կամ Փաշինյանը, այլ ողջ հայ ժողովուրդը։ Նա նկատեց, որ նույնիսկ այս պայմաններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի ստացել 50% + 1 ձայն։ «Հենց հասկացան, որ դա իրենց մոտ չստացվեց, կեղծիքը հասավ իր գագաթնակետին, և անցողիկ շեմը հաղթահարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը զրկեցին խորհրդարանում հայտնվելու իրավունքից, իսկ ընտրողների 58․500 ձայները գողացվեցին», — հավելեց Քոչարյանը։ Նա պարզաբանեց, որ «Հայաստան» դաշինքի՝ խորհրդարանում գտնվելու նպատակներից մեկն էլ սրա մասին խոսելը, իրականությունը ցույց տալն ու այն ժողովրդին հասցնելն է։

««Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարի հետ տեղի ունեցողն ինձ ծանոթ է, դա ապօրինի է, հակամարդկային և անբարոյական», — հայտարարեց Լևոն Քոչարյանը։ Ըստ նրա, եթե ռեսուրսներն ու ջանքերն ուղղվեին հանցագործությունների դեմ պայքարին, ապա դրանց քանակը կտրուկ կնվազեր։ Այսօր իրավապահների գլխավոր խնդիրն է դարձել Փաշինյանի քաղաքական հակառակորդներին ահաբեկելը։ «Մենք դեռ չենք հասել մեր նպատակին, բայց մենք չենք նահանջել», — եզրափակեց պատգամավորը։