«Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը վստահ է իր գործընկերների տոկունության մեջ։ Այս մասին նա հայտարարել է լրագրողների հետ զրույցում։

Պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» Սահմանադրության փոփոխության հարցում աջակիցներ գտնի «Հայաստան» խմբակցությունում, Քոչարյանը վճռական «ոչ» է պատասխանել։ Հնարավոր ճնշումների, վախեցնելու կամ կոմպրոմատներ օգտագործելու փորձերի մասին ենթադրությանն ի պատասխան՝ պատգամավորը հիշեցրել է, որ խմբակցության գործընկերները փորձառու քաղաքական գործիչներ են․ «Մեզ այնքան են վախեցրել, նույնիսկ նստեցրել են», ուստի Քոչարյանը կարծում է, որ իշխանությունները նույնիսկ չեն փորձի գնալ այդ ճանապարհով։

Լևոն Քոչարյանը նոր խորհրդարանի աշխատանքը կառուցողական չի համարում։ Նրա խոսքով՝ իշխող խմբակցության ներկայացուցիչներն իրենց ելույթները հիմնականում օգտագործում են այլ թեմաներից խոսելու համար։ «Երբ ասելիք չեն ունենում, սկսում են խոսել այն մասին, թե ինչ է եղել 30, 20, 10 տարի առաջ, այսօրվա մասին հարցերին պատասխանելիս ամբողջ ճշմարտությունը չեն ասում»,- իրավիճակը նկարագրել է քաղաքական գործիչը։ Նա հիշեցրել է, որ «ՔՊ»-ն իշխանության ղեկին է արդեն 8 տարի՝ այնքան կամ նույնիսկ ավելի, որքան Լևոն Տեր-Պետրոսյանն էր։ Ընդ որում, տպավորություն է, թե «ՔՊ»-ն ընդդիմության քող է կրել։ Պատգամավորը նաև ենթադրել է, որ նրանք որոշակի հաշվարկ ունեն՝ սեփական ընտրազանգվածին դուր գալու համար։

Գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների և Քոչարյանների ընտանիքի գույքի հետ կապված նմանօրինակ իրավիճակի հնարավորության մասին հարցին ի պատասխան՝ քաղաքական գործիչը, ընդգծելով, որ սեփականությունը ձեռք է բերվել օրինական ճանապարհով, հայտարարել է․ «Մենք գիտակցում ենք, որ մեր դեմ ոչ թե օրենքն է, այլ մեկ մարդու ցանկությունները։ Այն լկտիությունը, որ տեղի է ունենում Ծառուկյանի նկատմամբ, կարող է տեղի ունենալ բոլորի, առավել ևս՝ մեր հետ։ Սա պայքար չէ գույքի համար, այլ գաղափարական պայքար է։ Ապօրինություններ շատ ենք տեսել։ 2018 թվականից ի վեր մեր կյանքն ընթանում է այլ ռեժիմով, մենք շատ բաների մասին չենք խոսում։ Մեծ ճնշում կա։ Լինել ընդդիմություն, առավել ևս՝ ընդդիմադիր պատգամավոր, հիմա շատ բարդ է։ Նման հարձակումներ ու ապօրինություններ երբեք չեն եղել»։ Քոչարյանը նաև հայտնել է, որ ընտրություններից մեկ շաբաթ ՊԵԿ ներկայացուցիչները այցելել են այն բոլոր ընկերությունները, որոնց հետ առնչություն ունեն իր ընտանիքի անդամները, հավելելով, որ նրանք ամբողջական «մարտական» պատրաստվածությամբ ու զենքով մտել են անգամ իր կնոջ՝ Սիրուշոյի խանութ։ Ոչինչ չեն գտել, քանի որ խախտումներ չեն եղել, նկատել է Քոչարյանը։ Այն հարցին, թե ինչու են պահանջել հեռացնել խաչը ցուցափեղկից, Լևոն Քոչարյանը նշել է, որ հարցի հստակ պատասխանը չկա։ «Հարց է առաջանում․ եթե կային նույն արժեքի այլ իրեր, բայց առանց խաչի, և դրանք հեռացնել չեն պահանջել, ինչո՞ւ հենց խաչը»,- ակնհայտ հարց է բարձրացրել պատգամավորը։

Անդրադառնալով ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի՝ կոռեկտ և քաղաքավարի լինելու կոչին՝ Լևոն Քոչարյանը նկատել է, որ հարցն ամենևին Ռուբինյանի կոչը չէ. պետք է կոռեկտ և քաղաքավարի լինել անկախ ամեն ինչից, որտեղ էլ գտնվես՝ Ազգային ժողովում, սրճարանում, թե Ֆեյսբուքում։ Քաղաքական գործիչը հավելել է, որ ԱԺ փոխնախագահի թեկնածության քվեարկության վերաբերյալ խմբակցության որոշման մասին կհայտարարվի լրացուցիչ կերպով։ Ինչ վերաբերում է Վահագն Ալեքսանյանի թեկնածությանը, ապա Քոչարյանի կարծիքով՝ նրա ներկայությունն այդ պաշտոնում դժվար թե լավ արդյունք տա։ «Հարցնում ես՝ ինչո՞ւ ես ստում, պատասխանում է, թե բոլորն են այդպես ասում։ Սխալվել կարող են բոլորը։ Բայց երբ քեզ ասում են, որ դա սուտ է և ապացույցներ չկան, նա պնդում է իրենը և որպես փաստ ասում, թե «բոլորն են այդպես ասում»»,- նկատել է պատգամավորը՝ հավելելով, որ բարդ է քաղաքավարի լինել մի մարդու հետ, ով Ֆեյսբուքում ցեխ է շպրտում, իսկ հետո գալիս է ԱԺ ու հայտարարություններ անում։

Պատգամավորը պարզաբանել է Արցախի հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը՝ հիշեցնելով, որ այն արտացոլված է նախընտրական ծրագրում։ Խոսքը արցախցիների՝ անվտանգ վերադարձի իրավունքի մասին է։ «Իրենք (իշխանությունները) խոսում են պատերազմի վտանգի մասին։ Բայց խոսքը դրա մասին չէ։ Խոսքը վերադարձի և սոցիալական բնույթի բազմաթիվ հարցերի մասին է»,- հիշեցրել է քաղաքական գործիչը։

Պատասխանելով Ռոբերտ Քոչարյանի նախագահության սկզբնական շրջանին վերաբերող Քոչարյանների ընտանիքի եկամուտների մասին հարցերին, երբ երկրում բիզնեսի համար ոչ այնքան նպաստավոր պայմաններ էին, պատգամավորն առաջարկել է նայել այդ տարիների իրական ցուցանիշները և համոզվել ՀՆԱ-ի աճի ու աղքատության նվազման մեջ։ Նրա խոսքով՝ այս թեմայով խոսակցությունները մանիպուլյատիվ բնույթ են կրում և նույնչափ կիրառելի են իշխանության ներկայիս ներկայացուցիչների նկատմամբ, ովքեր այդ տարիներին չնչին գնով անշարժ գույք են ձեռք բերել, որն այժմ գնահատվում է միլիոնավոր դոլարներ։