Օրենքով նախատեսված է, որ Հայաստանի Ազգային ժողովի ղեկավար չորս պաշտոններից երեքը հատկացվում են իշխող խմբակցությանը, իսկ մեկը՝ ընդդիմությանը։ Ձեր ֆրակցիան դեմ է քվեարկել մեր բոլոր թեկնածուներին։ Այս մասին Ազգային ժողովի նիստում օգոստոսի 6-ին հայտարարել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ դիմելով ընդդիմությունից փոխնախագահի պաշտոնի թեկնածու, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանին։
«Տրամաբանական է և պարզ բոլորիս, որ եթե մենք Ձեր դեմ քվեարկենք, կառաջանա ճգնաժամ։ Չե՞ք կարծում արդյոք, որ ավելի սոլիդար կլիներ՝ հաշվի առնելով, որ մենք, ուզած-չուզած, պետք է Ձեզ քվեարկենք, հակառակ դեպքում խնդիր կառաջանա, դուք էլ, Ձեր հերթին, կողմ քվեարկեիք մեր թեկնածուին»,- հարցրեց Աղաջանյանը։
Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն իր հերթին ուղղել է պատգամավորին և պարզաբանել․ «Ըստ Կանոնակարգի՝ դա այդպես չէ։ Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնի ցանկացած թեկնածու՝ ինչպես մեծամասնության, այնպես էլ ընդդիմության կողմից առաջադրված, կարող է և՛ ընտրվել, և՛ չընտրվել։ Այդ դեպքերից և ոչ մեկում ոչ մի ճգնաժամ չի առաջանա»։











