Մեր նպատակն է ստեղծել այլընտրանքներ Հայաստանի համար։ Կարծում եմ՝ դա ցանկացած երկրի օրինական իրավունքն է, և կարծում եմ, որ բոլոր երկրներն աշխատում են այն ուղղությամբ, որպեսզի լինեն այլընտրանքներ։ Այս մասին օգոստոսի 7-ին ռուս լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կարծում եմ, որ Եվրասիական տնտեսական միության համար լավագույն դիրքորոշումը կլիներ ոչ թե այս գործընթացն այսպես տորպեդահարելը, այլ, ընդհակառակը, աշխատել այն ուղղությամբ, որպեսզի բարձրացվի Եվրասիական տնտեսական միության մրցունակությունն ու գրավչությունը։ Հայաստանը պատրաստ է աշխատել այդ ուղղությամբ։

Ինչ վերաբերում է ընտրությանը, ապա նախ պետք է ստեղծել ընտրության հնարավորություն, և միայն դրանից հետո կատարել ընտրությունը։

Ես ի գիտություն եմ ընդունել ԵԱՏՄ գործընկերների մայիսի 29-ի հայտարարությունը և հարգանքով եմ վերաբերվում դրան։ Շատ հետաքրքիր նրբություն կա․ գործընկերներն աջակցում են Հայաստանում Եվրոպական միությանն անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու գաղափարին։ Ես շատ բարձր եմ գնահատում այդ դիրքորոշումը։

Հանրաքվեն կլինի, բայց այն բանից հետո, երբ Հայաստանը պաշտոնապես դիմի Եվրոպական միությանն՝ անդամակցության հարցով, և պետք է ինստիտուցիոնալ աշխատել այդ ուղղությամբ։

Այսօր հանրաքվե անցկացնելն անհնար է, որովհետև այդ հանրաքվեի առարկան գոյություն չունի։

Եթե հիմա մենք կազմակերպենք հանրաքվե և կոչ անենք կողմնորոշվել․

Ինչպիսի՞ն կլինի Հայաստանի քաղաքացիների արձագանքը։ Նրանք կհարցնեն՝ իսկ որո՞նք են Եվրոպական միության անդամ դառնալու մեր հեռանկարները։ Իսկ ի՞նչ ճանապարհային քարտեզ ունենք մենք և այլն։ Շատ հարցեր կլինեն, որոնց պատասխանները մենք չունենք, և այդ պատասխանները ոչ ոք չունի։ Իսկ այն, ինչ հիմա տեղի է ունենում ԵԱՏՄ տարածքում, միայն հրահրում է Հայաստանում Եվրասիական տնտեսական միության նկատմամբ բացասական ընկալումը։ Նկատի ունեմ այն սահմանափակումները, որոնք մեր հարգարժան ռուս գործընկերները սահմանել են հայկական ապրանքների նկատմամբ։

Ցանկացած երկրի համար շատ կարևոր է բարձրացնել արտադրության որակը, մրցունակությունն ու չափանիշները։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, այդ ուղղությամբ աշխատում են նաև ԵԱՏՄ մյուս երկրները», — նշել է Փաշինյանը։

Նա կոչ է արել «չբացասականացնել» այս գործընթացը՝ դա համարելով լավ հնարավորություն միասին աշխատելու Եվրասիական տնտեսական միության գրավչության և մրցունակության բարձրացման ուղղությամբ։

«Շատ կարևոր է հասկանալ, որ առանց եվրասիական տնտեսական զարգացման հիմնարար սկզբունքների իրագործման հնարավորության ԵԱՏՄ-ն կհայտնվի ճգնաժամի մեջ։

Այն, ինչ հիմա տեղի է ունենում հայկական ապրանքների հարցում, իհարկե, խնդիր է Հայաստանի համար, բայց նաև լուրջ խնդիր է ԵԱՏՄ-ի համար։

Գործնականում ստացվում է, որ ԵԱՏՄ-ն չի աշխատում։ Եթե ըստ էության չի աշխատում, նշանակում է՝ ԵԱՏՄ-ն չի աշխատում», — նշել է Հայաստանի վարչապետը։

Նա կատակով դրական է գնահատել լրագրողի առաջարկը՝ ստեղծել այլընտրանքային միություն Հայաստանի գլխավորությամբ։