Նախորդ գումարման խորհրդարանը քաղաքացիների կողմից ամենավատ ընկալվողն էր, քանի որ պատգամավորները խոսում էին իրենց մասին, ոչ թե մարդկանց խնդիրների։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 10-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ մեկնաբանելով Հայաստանի ԱԺ փոխխոսնակի պաշտոնում Արամ Վարդևանյանի ընտրվելու վերաբերյալ հարցերը։

Պատասխանելով այն հարցերին, թե ինչու Արամ Վարդևանյանը հենց առաջին փորձից ընտրվեց Ազգային ժողովի ընդդիմադիր փոխխոսնակ, այն դեպքում, երբ նախորդ գումարման ընթացքում ընդդիմության թեկնածուները բախվում էին իշխող մեծամասնության բազմակի դիմադրությանը, Կարապետյանը ընդգծեց քաղաքական մշակույթը փոխելու անհրաժեշտությունը։

«Մեր պատգամավորներն ունեն ազատություն, բայց պարտավոր են պահպանել բարեվարքության նորմերը, որպեսզի համաքաղաքացիների համար հաճելի լինի հետևել իրենց ընտրած խորհրդարանի աշխատանքին»,- նշեց Նարեկ Կարապետյանը։

Նա հավելեց, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն աշխատում է այն ուղղությամբ, որպեսզի Ազգային ժողովի ամբիոնից հնչի նոր, առարկայական խոսք՝ ուղղված քաղաքացիների իրական խնդիրների լուծմանը։ «Մենք ձգտում ենք սովորել և ձևավորել քննարկումների մշակույթ՝ առանց վիրավորանքների, որպեսզի բարձրագույն օրենսդիր մարմնի աշխատանքը մարդկանց օգուտ բերի»,- ամփոփեց Կարապետյանը։