«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 13-ին Ազգային ժողովի նիստում, արտաքին հարաբերությունների մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ, իր ելույթում գործող իշխանությունների ներկայացուցիչներին անվանել է «սրիկաներ»։
Պատգամավորի խոսքով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքականության հետևանքով երկիրը կրել է բազմաթիվ մարդկային կորուստներ։ Զոհվածների թվում էր նաև նրա սանիկը՝ Աղաջան Ջանոյանը։
«...Իմ քեռին և ես երբեք չենք կարող արդեն լավ լինել: Մենք լավ կլինեինք, եթե Աղաջան Ջանոյանը (պատերազմի ժամանակ զոհված քեռորդին է - խմբ.) դառնար իր երազանքի ռազմական բժիշկը և փրկեր մեր զինվորների կյանքը, որը դուք սրիկայաբար փորձում եք շահարկել այստեղ»,- ասել է Ղազարյանը՝ հեռանալով խորհրդարանի ամբիոնից։
ԱԺ նիստերի դահլիճում աղմուկ է բարձրացել։ Իշխող կուսակցության մի շարք պատգամավորներ հետևել են դահլիճից հեռացող Ղազարյանին։
Այդ պահին նիստը նախագահող՝ իշխող կուսակցությունից խորհրդարանի փոխխոսնակ Հայկ Կոնջորյանը հայտարարել է, որ նման ելույթներ այլևս չպետք է լինեն, հակառակ դեպքում Ղազարյանին «դուրս կշպրտեն» Ազգային ժողովի շենքից։
«Հաջորդ անգամ նման պահվածքից հետո, եթե Դուք չինքնաէվակուացվեք այս դահլիճից, Ձեզ էվակուացնելու են և դուրս են շպրտելու այս դահլիճից և ԱԺ շենքից»,– ասել է Կոնջորյանը։
Վեճը շարունակվել է արդեն միջանցքում, որտեղ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը փորձել է հանգստացնել երկու կողմերի պատգամավորներին և թուլացնել կոնֆլիկտի մասնակիցների միջև լարվածությունը։











