Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը օգոստոսի 14-ի նիստում դիմել է «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանին՝ հետաքրքրվելով, թե արդյոք նա ասելու բան ունի նախօրեին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։

Ղազարյանը պատասխանել է, որ Ազգային ժողովի կանոնակարգը նման ձևաչափով պատգամավորների միջև քննարկումներ չի նախատեսում։

Այնուհետև Ռուբինյանը նույն հարցն ուղղել է «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին։ Ստանալով բացասական պատասխան՝ ԱԺ նախագահը հայտարարել է.

«Շատ լավ, հարգելի գործընկերներ, դուք ընտրել եք այս ճանապարհը»։

Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին Էդգար Ղազարյանի՝ Ազգային ժողովում ունեցած ելույթից հետո իշխանության ներկայացուցիչների և ընդդիմադիր պատգամավորների միջև վեճ էր բռնկվել։

Միջադեպը տեղի էր ունեցել արտաքին հարաբերությունների մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահի պաշտոնում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած Սարգիս Խանդանյանի թեկնածության քննարկման ժամանակ։

Ղազարյանի՝ իշխող կուսակցության պատգամավորների հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունից հետո նիստը ընդհատվել էր 20 րոպեով։

Վեճը շարունակվել էր խորհրդարանի միջանցքում, սակայն ֆիզիկական բախում չէր արձանագրվել։

Նիստի վերսկսումից հետո Ռուբինյանը հայտարարել էր, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը Ղազարյանից ներողություն է սպասում։

Իր հերթին, Նարեկ Կարապետյանը Ղազարյանի արտահայտությունը գնահատել է որպես քաղաքական էթիկայի նորմերի խախտում՝ նշելով, որ իրենց խմբակցությունը հետագա քայլերը կքննարկի «իր նիստի» ընթացքում։