Տեղական ինքնակառավարման համակարգի ապակենտրոնացումը, ենթակառուցվածքների համապարփակ կառավարումը, ջրային անվտանգության ամրապնդումը, ընդերքի պատասխանատու օգտագործումը և էներգետիկ համակարգի կայունության ապահովումը պետք է դառնան մեր առաջնահերթ ուղղությունները։ Այս մասին օգոստոսի 14-ին Ազգային ժողովի նիստում, տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ, հայտնել է այդ պաշտոնի թեկնածու, ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը։

Նա, մասնավորապես, ներկայացրել է իր մոտեցումները։

Այսպես, պատգամավորի խոսքով՝ տվյալ հանձնաժողովի գործունեության ոլորտը ներառում է համայնքները, մարզերը, ճանապարհները, տրանսպորտը, էներգետիկան, ջրային ռեսուրսները, ընդերքը, շրջակա միջավայրը և պետական գույքը։

«2011 թվականից իրականացվող համայնքների խոշորացման գործընթացի արդյունքում դրանց թիվը 915-ից կրճատվել է մինչև 70։ Այդուհանդերձ, վարչատարածքային փոփոխությունները չեն հանգեցրել բովանդակային բարեփոխումների։ Խոշորացման նպատակը միայն համայնքների թվի կրճատումը չէր։ Այն պետք է ստեղծեր ավելի լայն կառավարման հնարավորություններ, ապահովեր մարդկային և ֆինանսական ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, բարձրացներ հանրային ծառայությունների որակը, ինչպես նաև իրականացներ լիազորությունների և համապատասխան ֆինանսական միջոցների իրական ապակենտրոնացում՝ հօգուտ համայնքների», - ասել է թեկնածուն։

Նա, մասնավորապես, առաջարկել է հրաժարվել վարչապետի կողմից համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման մեխանիզմից, եթե այդ պաշտոնը թափուր է։ Ղազինյանի կարծիքով՝ նման դեպքերում պետք է անցկացնել նոր ընտրություններ կամ ավագանուն հնարավորություն տալ շարունակել իր լիազորությունների իրականացումը։

Պատգամավորը նաև անհրաժեշտ է համարում վերիմաստավորել մարզպետերի և մարզային վարչակազմերի դերը։ Նրա կարծիքով՝ մարզային վարչակազմերը պետք է վարչարարական մարմիններից վերածվեն տարածքային զարգացման կենտրոնների, որոնք կհամակարգեն համայնքային, տարածաշրջանային և պետական ծրագրերը և կնպաստեն ներդրումների ներգրավմանը։