Տուժածն ստանում է անհրաժեշտ և համարժեք բուժօգնություն երևանյան բուժկենտրոնում, հեմոդինամիկան նորմալ է, վիճակը կայուն է, կյանքին սպառնացող վտանգ չունենք։ Այս մասին NEWS.am—ի հետ զրույցում նշեց առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը՝ անդրադառնալով նախօրեին Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ադրբեջանցի զինծառայողի կողմից հայ կնոջ ոտքին կրակելու դեպքին։

«Ինչ վերաբերում է երեխաներին, աղջիկը ստացել է հոգեբանական աջակցություն, վիճակը բավարար է, տղան դաստակի փոքր ոսկրային կոտրվածք է ունեցել, բուժում է ստացել, վիճակը բավարար է»,–ասաց նա։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքի Շաքի բնակավայրում երեկ՝ հոկտեմբերի 1–ին, արտառոց դեպք է տեղի ունեցել. Սիսիանի բնակիչներն ահազանգել են, որ իրենց տեղեկություններով արդեն 4-5 օր է՝ սահմանը ադրբեջանցի է հատել, սակայն նրան չեն կարողացել գտնել։ Վերջինս անհայտ հանգամանքներում երեկ կրակել է Շաքիի բնակիչ կնոջ ոտքին։

ԱԱԾ–ն այս առնչությամբ հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է. «Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։

Չի բացառվել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել Հայաստանի Հանրապետության սահմանը։ Դրանից հետո Հայաստանի և Ադրբեջանի իրավասու մարմիններն իրականացրել են համապատասխան որոնողական աշխատանքներ։

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբեր։ Ձեռնարկվել են անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը ձերբակալվել է։

Դեպքի մանրամասները ներկայացվել են նաև ադրբեջանական կողմին։ ՀՀ քննչական կոմիտեում դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ»։

Սյունիքի Շաքի գյուղ ադրբեջանցի է մտել ու կրակել հայ աղջկա ոտքին

Ավտոմшտով նստած կոմպոտ ա խմել ու փլավ կերել. Շաքիի բնակիչները՝ գյուղ մտած ադրբեջանցու մասին