Ազգային ժողովի նախկին խոսնակ, այժմ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը թքած ունի կոռեկտության վերաբերյալ իր հաջորդի՝ Ռուբեն Ռուբինյանի կոչերի վրա։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչու է «Քաղաքացիական պայմանագիրը» կենտրոնացել «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչների ելույթների վրա, պատգամավորը նկատել է, որ «Հայաստան» խմբակցությունն ու ՀՅԴ-ն ազգային արժեհամակարգի կրողներ են։ «ՀՅԴ-ն երբեք չի կարող ո՛չ հաշտվել, ո՛չ էլ ընդունել Արցախի կորուստը։ Իշխանությունները հասկանում են, որ ՀՅԴ-ն միշտ հետապնդելու է իրենց, որովհետև իրենց իշխանության օրոք Արցախը կորսվեց, հայաթափվեց, և ՀՅԴ-ն չի կարող լռել։ Բացի այդ, մեր խմբակցության անդամների անցած ճանապարհը խոսում է նրանց սկզբունքայնության մասին, այն մասին, որ նրանք ճամբարից ճամբար չեն փախել, որ պատրաստ են պայքարել մինչև վերջ՝ մինչև այս չարիքի հեռացումը», — հայտարարել է Մանուկյանը՝ հավելելով, որ իշխանությունները խնդիրների առարկայական քննադատությանը պատասխանում են շեղող թեմաներով խոսակցություններով, իսկ իր պարագայում՝ խոսք են բացում Մանվել Գրիգորյանի մասին։ Մեկնաբանելով իշխանամետ պատգամավոր Թագուհի Ղազարյանի ելույթները՝ նա վստահեցրել է, որ հետևողականորեն պահանջելու է քրեական վարույթի նախաձեռնում և պարզում, թե արդյոք Մանվել Գրիգորյանը տեղյակ է եղել, թե ոչ։ «Եվ քանի որ Ղազարյանը խոսում է մանկապարտեզի մասին, պետք է հետևողական լինի ու ապացույցներ ներկայացնի։ Մենք խոսելու ենք իրենց կոռուպցիայի, իրենց վատ կառավարման մասին, ՀՅԴ-ն անդադար ցույց է տալու նրանց ապիկար արտաքին քաղաքականությունը, սպառնալիքները, հիշեցնելու է Արցախի հարցը, խնդիրը հենց սրանում է», — հայտարարել է Մանուկյանը։
Խոսելով այն մասին, թե ինչպես կոռեկտության սահմաններում հասնել իշխանափոխության՝ պատգամավորը նշել է, որ թույլատրելի սահմաններում հնարավոր է համարում վեճերն ու քննադատությունը։ «Լիլի Մինասյանն այսօր ասաց, որ անհրաժեշտ է դադարեցնել ցածրորակ բառապաշարի օգտագործումը։ «ՔՊ»-ն ինքն է սկսում, չհաշված, որ կա չգրված կանոն՝ իրավիճակի պատասխանատուն իշխանությունն է։ Եթե ձեզ դուր չէր եկել Էդգար Ղազարյանի ասած «սրիկա» բառը, ինչո՞ւ էին առդադար մեկնաբանում, զարգացնում թեման ու ավելի խորացնում իրավիճակը», — հարցադրում է արել Մանուկյանը։
Անդրադառնալով հարցին, թե արդյոք ազնիվ են իշխող կուսակցության դրսևորած մտադրությունն ու կոռեկտության կոչը, պատգամավորը նշել է․ «Կարծում եմ՝ Ռուբինյանն ազնիվ է, նա՝ որպես նիստը վարող, շահագրգռված է դրանում»։ «Բայց ամեն ինչ պարզ կդառնա, երբ խորհրդարան գա Նիկոլ Փաշինյանն ու քննադատությանն ի պատասխան կորցնի ինքնատիրապետումը, այն ժամանակ էլ կտեսնենք «ՔՊ» ներկայացուցիչների իրական դեմքը, իսկ դա սարերի հետևում չէ», — կարծում է Մանուկյանը։
Անդրադառնալով նախկին խոսնակ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարություններին և ընդդիմության հասցեին հնչեցրած սուր քննադատությանը, ինչպես նաև Ռուբինյանի ջանքերի վրա դրանց ազդեցությանը՝ Մանուկյանը նշել է․ «Դա ցույց է տալիս, որ նա թքած ունի Ռուբինյանի կոչերի վրա։ Ճիշտ է, Սիմոնյանը կարող է նաև ուղղակի իմաստով թքել, բայց հիմա խոսքը փոխաբերական իմաստի մասին է․ նա թքած ունի գործընկերների «ազնիվ» ձգտումների վրա։ Եթե խոսում եք կոռեկտության մասին, ապա ձեր ամբողջ կուսակցությունը պետք է հետևի դրան, իսկ բարձրաստիճան պաշտոնյան պետք է գիտակցի իր պաշտոնի կարևորությունն ու սեփական խոսքի արժեքը։ Իրեն նման ելությներ թույլ տալով և ամբիոնից պատասխան ստանալով՝ ո՞ւմ դեմ գործեց նա․ մե՞ր, թե՞ Ռուբինյանի»։
Խոսելով «հոգու և մարմնի բժիշկների» մասին երեկվա հայտարարությունների մասին՝ Մանուկյանը նշել է, որ իշխանությունները փորձում են ինչ-որ կերպ վախեցնել, բայց ընդդիմադիր բոլոր պատգամավորներն էլ հասկանում են, որ իշխանություններն ամեն ինչի ընդունակ են։
Մանրամասները՝ տեսանյութում։











