Երևանի Վարդաշենի հանրակացարանի՝ 68ա և 66/1 շենքերի բնակիչներն այսօր բողոքի ակցիա իրականացրեցին կառավարության շենքի առջև։ Նրանց պահանջն է՝ շենքերի վթարայնության պատճառով անհապաղ տարհանել իրենց և ապահովել բնակարաններով։
«Փաշինյա՛ն, իջի ներքև՛»,- գոռում են ակցիայի մասնակիցները։
Ակցիայի ժամանակ իրավիճակը լարվեց։ Ոստիկանության աշխատակիցները ակցիայի մասնակիցներից մեկին բերման ենթարկեցին։ Հավաքվածները պատմեցին, որ ոստիկանը հրել են մի տարեց կնոջ, վերջինիս տղան էլ հարվածել է ոստիկանին։
«Ուզել են ճանապարհն անցնել, ոստիկանը հրել է այդ կնոջը, տղան էլ էպիլեսպիայով հիվանդ է, այդ պահին չի գիտակցել ու ոստիկանին հարվածել է։ Եթե մորը հրում են, երեխան էլ պետք է արձագանքի»,- նշեց ակցիայից մասնակիցներից մեկը։
Բերման ենթարկված 41-ամյա տղամարդու մոր ինքնազգացողությունը վատացել է, ժամանել է շտապօգնություն։
Որոշ ժամանակ անց տղայի մայրն ասաց. «Թող հենց հիմա իմ երեխուն բերեն։ Նա էպիլեպսիայով հիվանդ է, երկրորդ կարգի հաշմանդամ է։ Ես օրինական իր խնամակալն եմ։ Ոստիկաններին խնդրեցի ինձ թույլ տան անցնել փողոցը, թույլ չտվեցին, երեխեն էլ ջղայնացավ, խփեց»։
Ակցիայի մասնակիցները խնդրեցին, որ գոնե տղամարդուն ոստիկանական բաժնում չծեծեն. «Գլուխը վիրահատված է»։
«Գիտեք ինչքան տանջանք է կրել մայրը, որ մի քիչ ոտքի է կանգնացրել տղային, որ հանկարծ չընկնի»,- ասաց տարեց կնոջ հարևանը։











