Ամեն ինչ ակնհայտ է, Հայաստանում բոլորը տեսել են, թե ինչպես վարչապետը խորհրդարանի ամբիոնից ուղիղ ցուցում տվեց նախաձեռնել քրեական գործեր, ճնշում գործադրել Ռոբերտ Քոչարյանի, նրա ընտանիքի և մերձավորների նկատմամբ։ Այս մասին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանը։
«Այն, ինչ այսօր տեղի է ունենում առավոտյան ժամը 7-ից, վարչապետի երեկվա հայտարարությունների ապացույցն է։ Բնականաբար, սա քաղաքական հետապնդում է, այլ կերպ որակել կատարվողը սխալ կլինի»,- նշել է Խաչատրյանը՝ չմեկնաբանելով գործի մանրամասները։
Հարցին, թե արդյոք երկրորդ նախագահի ընտանիքի հետ կարող են վարվել այնպես, ինչպես Ծառուկյանի դեպքում՝ խլել գույքը, ազգայնացնել, պատգամավորը նշել է, որ անօրինության մթնոլորտում իշխանություններից ամեն ինչ կարելի է սպասել. «Օրենք չկա, որպեսզի հնարավոր լինի խոսել օրենքի որևէ կետի կամ հոդվածի մասին։ Այս մարդն իրեն օրենքից դուրս է դրել և ուղիղ հրամաններ է տալիս։ Իրավապահ համակարգը դարձել է Նիկոլ Փաշինյանի ձեռքում «բութ գործիք»։ Սա յաթաղան է հայ ժողովրդի և ընդդիմադիր գործիչների դեմ»։
Նա հավելել է, որ ընդդիմադիրները, որոնք հանդես են գալիս սուր հայտարարություններով, Փաշինյանի և ՔՊ-ի ականջին տհաճ լուրերով, անմիջապես ենթարկվում են բռնաճնշումների։ Տեղի ունեցողը դրա վառ ապացույցն է։
Խաչատրյանը արձանագրել է, որ «Հայաստան» դաշինքը բազմիցս նախաձեռնել է փողոցային պայքար, սակայն միայնակ չի կարող չեզոքացնել Փաշինյանի շնորհիվ ի հայտ եկած բոլոր բազմաթիվ սպառնալիքները, անհրաժեշտ է այլ ընդդիմադիր, արտախորհրդարանական ուժերի աջակցությունը։
«Այս ձերբակալություններն էլ նույնի մասին են խոսում, փորձ է արվում մեկուսացնել ընդդիմադիր գործիչներին։ Կառավարության ներկայացրած ծրագիրը Հայաստանի համար էպիտաֆիա է»,- նշել է Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ Փաշինյանը միլիոնատե՞ր է, թե՞ միլիարդատեր, դա կպարզվի իշխանափոխությունից հետո, ինչպես նաև շատ այլ բաներ, այդ թվում՝ ինչպես ստացվեց, որ Հայաստանը հայտնվեց այսպիսի իրավիճակում։
Ապագա ներդրումների վերաբերյալ հարցին պատասխանելով՝ պատգամավորը դրանք անվանել է մշուշոտ։ «Ոչ մի լուրջ ներդրող չի ցանկանա ներդրումներ անել այնտեղ, որտեղ սեփականության իրավունքը ոչ միայն պաշտպանված չէ, այլև գտնվում է իշխանությունների և վարչապետի ոտնձգությունների սպառնալիքի տակ։ Այս բռնաճնշումները լուրջ ազդեցություն կունենան ներդրումային միջավայրի վրա»,- եզրափակել է Խաչատրյանը։











