Հայաստանում ամեն օր արձանագրվում է օրենքի և իրավունքի մահը, և այս իրականությունը տևում է արդեն 8 տարի։ Այս մասին հայտարարել է խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ «Հայաստան 2026․ իրավունքի մահը» քննարկման ընթացքում։

Նրա խոսքով՝ ընթանում է քաղաքական, սոցիալական և իրավական համակարգերի դեգրադացիա։ «Քաղաքական մեծամասնությունն առանց փոքր-ինչ իսկ կաշկանդվելու խախտում է բոլոր կարմիր գծերը։ Վարչապետի երեկվա ճեպազրույցն էլ դրա մասին էր․ նման արտահայտությունները պետությանը հարիր չեն։ Նախկինում երբեք նման բանի չէինք բախվել, փողոցային բառապաշարը ներթափանցել է խորհրդարան։ Իշխանությունները ոտնատակ են տալիս օրենքն ու իրավունքը։ Մարտահրավեր է նետվել ողջ հասարակությանը»,- հայտարարել է Գալստյանը։ Նա հասարակությանը կոչ է արել մտածել այն խաղաղության բովանդակության մասին, որի մասին խոսում են իշխանությունները։ «Հետևողական զիջումներ, կապիտուլյացիոն քաղաքականություն։ Այս ամենը հետագայում խնդիրներ է պարունակում Հայաստանի ինքնիշխանության և պետականության համար»,- ընդգծել է Լիլիթ Գալստյանը։

Փաստաբան Տաթևիկ Սողոյանը նշել է, որ իրավունքը, ինչպես նաև ժողովրդավարությունը, ողջ աշխարհում խոր ճգնաժամի մեջ են և վերաիմաստավորման կարիք ունեն։ Նրա խոսքով՝ վերագնահատումը պետք է սկսվի մարդու իրավունքները խախտող իրավապահների գիտակցումից, որ վաղը իրենց հետ էլ այդպես կվարվեն։ «Ինչո՞վ է առաջնորդվում քննիչը խուզարկություն իրականացնելիս, որի նպատակը ոչ թե ինչ-որ բան գտնելն է, այլ վախեցնելը»,- հարց է բարձրացրել փաստաբանը։ Մեկնաբանելով վարչապետի երեկվա հայտարարությունները՝ նա նշել է, որ նախկինում իրավապահներին աշխատանքից ազատում էին լուրջ խախտումների համար, իսկ երեկ հայտարարվել է կոլեկտիվ պատժի մասին, եթե չհաջողվի գտնել Քոչարյանների տանը սպասվող խուզարկության և երկրորդ նախագահի ձերբակալության մասին տեղեկատվության արտահոսքի աղբյուրը։ «Եթե ինչ-որ բան սրտով չէ շեֆին (նկատի ունի վարչապետ Փաշինյանին), բոլորը պետք է պատիժ կրեն»,- նկատել է Սողոյանը։