Չինաստանը Ճապոնիային կոչ է արել արագացնել քիմիական զենքի ոչնչացումը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ճապոնացի զինվորականները թողել էին Չինաստանի տարածքում։ Այդ մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը, հաղորդել է Սինհուա-ն։
Հայտարարության առիթ է դարձել Յոկոհամայում ճապոնական քաղաքացիական խմբի կազմակերպած ցուցահանդեսը։ Ցուցանմուշները պատմում են պատերազմի տարիներին ճապոնացի զինվորականների կողմից թունավոր նյութերի արտադրության և կիրառման, ինչպես նաև Չինաստանի և Հարավարևելյան Ասիայի երկրների դեմ իրականացված քիմիական պատերազմի մասին։
Ավանդական ճեպազրույցի ժամանակ Լին Ցզյանը հայտարարել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ճապոնացի միլիտարիստները մեծ ծավալներով մշակում և կիրառում էին քիմիական զենք Չինաստանում և ասիական այլ երկրներում, ինչը, նրա խոսքով, միջազգային իրավունքի կոպիտ խախտում էր։
Չինական կողմի տվյալներով՝ Չինաստանում արձանագրվել է ճապոնական զորքերի կողմից քիմիական զենքի կիրառման ավելի քան 2 000 դեպք, որոնց հետևանքով տուժել են ավելի քան 200 հազար զինծառայող և խաղաղ բնակիչ։
Ճապոնիայի կապիտուլյացիայից հետո քիմիական ռազմամթերքի զգալի քանակություն թողնվել է չինական տարածքում։ Ինչպես պնդում է Պեկինը, դրանք արդեն դարձել են ավելի քան 2 000 զոհի պատճառ և մինչ օրս լուրջ սպառնալիք են ներկայացնում բնակչության և շրջակա միջավայրի համար։
Լին Ցզյանը հայտարարել է, որ ճապոնական կառավարությունը բավարար ռեսուրսներ չի հատկացնում և բավարար անկեղծություն չի ցուցաբերում Քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման հարցում։ Նրա խոսքով՝ թողնված քիմիական զենքի ոչնչացման գործընթացը լրջորեն հետ է մնում ժամանակացույցից։
«Չինական կողմը վճռականորեն կոչ է անում Ճապոնիայի կառավարությանը կատարել համապատասխան կոնվենցիայով նախատեսված իր պարտականությունները, ականջալուր լինել իր երկրում և տուժած հարևան պետություններում ողջախոհ մարդկանց արդար կոչերին, համակողմանիորեն և բարեխղճորեն կատարել միջազգային կոնվենցիայի և երկու երկրների կառավարությունների միջև փոխըմբռնման հուշագրի պահանջները՝ ոչնչացման գործընթացն արագացնելու համար», — ասել է չինացի դիվանագետը։
«Վտանգավոր կերպով թողնված քիմիական զենքի վերացումը ճապոնական կառավարության անշեղ պատմական պատասխանատվությունն է և նրա պատշաճ պարտավորությունը միջազգային իրավունքին համապատասխան», — եզրափակել է Լին Ցզյանը։




























