Շենգավիթ վարչական շրջանի Աէրացիա թաղամասում գտնվող տնակները չեն ապամոնտաժվի՝ մինչև բնակիչները կացարան գտնեն։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 1–ին, լրագրողների հետ զրույցում ասաց բնակիչներից մեկը՝ Շենգավիթի թաղապետ Ռոմիկ Մխիթարյանի հետ հանդիպումից հետո։
«Մեզ էլի թույլ տվեց, որ մենք էլի ապրենք այդտեղ, մեզ ներեց։ Ասեց՝ ապրեք էնքան, մինչև ձեզ չապահովենք կացարանով, մոտիկացեք, դիմումներ գրեք կացարանի մասով, որ հասկանանք ինչով կարող ենք ձեզ օգնել։ Դե դա ապօրինի տարածք է, վաղ, թե շուտ կքանդվի, բայց բնակիչների տարածքը չի քանդվի այնքան ժամանակ, մինչև ձեզ չապահովեք կացարանով։ Մենք համաձայնության եկանք, որ մեզ կացարանով ապահովեն, յետո քանդման աշխատանքները կսկսեն»,–ասաց նա՝ հավելելով, որ իրենց շատ լավ են վերաբերվել թաղապետարանում։
Կոնկրետ վայր դեռ չեն նշել, թե որտեղ կարող են ապրել, դիմում կգրեն՝ պարզ կլինի։ Իրենց հերթին բնակիչներն էլ համաձայնել են՝ հետևելու են, որ տարածքում շինարարական աղբ չթափվի։
Բնակիչները հերքեցին թաղապետի մեղադրանքը, թե իրենք փողով թույլ են տվել, որ այդ տարածքում շինաղբ թափվի ու այն աղբանոց է դարձել. «Մենք ընդհանրապես կապ չունենք, նման բան չի եղել,։ Ովքեր էլ բերել են, դատարկել են, իրենք լավ էլ տեղյակ են, ովքեր են եղել, բայց մենք այդտեղ կապ չունենք»։
Ինչ վերաբերում է նրան, որ նախօրեին բերման էին ենթարկել բնակիչներից մեկին, նրա մայրն ասաց. «Ինձ փաստաբան է պետք, որ ես գնամ իմ տղայի հարցով, տղաս քննչական բաժնում է։ Այդ հարցը բարձրացրեցի, ասեց՝ կթողնեմ, բայց ես չեմ պատկերացնում, որ կթողնեն, բայց իմ տղան ոչնչով մեղավոր չի, ինքը ոչ մի բան չի արել, ոչ հարվածել է, ոչ էլ ինչ-որ մեկին խփել է։ Ուղղակի Ալինան, որ հարվածել է, քեռին պաշտպանել է, նրան էլ հետը տարել են։ Մարդը բորբոքված էր, եթե քո օջախը քանդեն, ի՞նչ կանես։
Իսկ Ալինային երեկ երեկոյան ժամը 11:30–ին են թողել»։
Ինչ վերաբերում է իրենց պնդումներին, թե ոստիկանությունում ծեծել են նրանց, բնակչուհին այս անգամ արդեն այլ կերպ ներկայացրեց. «Արմենին քաշքշել են, որ ավտոյի մեջ գցեն, ինքը դրանից հասցրել է կապտուկներ ստանալ։ Վիճակը վատացել է, տարել են «Էրեբունի» հիվանդանոց, ոտքերի մասում կապտուկներ են առաջացել, հետո նորից տարել են ոստիկանություն։ Բայց դե մենք էլ իրենց հասկացանք, ըմբռնումով մոտեցանք։
Երեկ ես հիվանդանոցում տեսել եմ Արմենին, ձեռնաշղթաներով տարել են մեկուսարան»։։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ դեռևս ուրբաթ օրը՝ օգոստոսի 28–ին Շենգավիթի թաղապետարանից եկել են և մի քանի տնակների բնակիչներին անակնկալ հայտնել, որ պետք է քանդեն տնակները, իսկ բնակիչները պետք է հեռանան այդ տարածքից, թեև նրանք 30 տարուց ավելի ապրում են այդտեղ։
Տնակները սեփականաշնորհված չեն, բնակիչների խոսքով, դրանք նվեր են ստացել բարերարներից, իրենք բարեկարգել են տարածքը, որ ժամանակին աղբանոց է եղել։
Տանը 5 անչափահաս երեխա կա, որից 2–ը՝ մինչև մեկ տարեկան։
Բնակիչները NEWS.am–ի հետ զրույցում պատմեցին, որ իրենք հենց նույն օրը գնացել են Շենգավիթի թաղապետ Ռոմիկ Մխիթարյանի մոտ, վերջինս ասել է, որ հրահանգը վերևից է, ինքը ոչինչ չի կարող անել։
Արդեն երեկ՝ օգոստոսի 31–ինմ, Շենգավիթի թաղապետարանից եկել են, ոստիկանական մի մեծ խմբով։
Նշենք, որ երեկ երբ տրակտորն սկսել է աշխատել, բնակիչներից մի տարեց կին 2 ամսական թոռնուհուն վերցրել էր գիրկը և քարերով հարձակվել տրակտորի վրա։ Ոստիկանները հազիվ կարողացել են նրան վնասազերծել, երեխային ձեռքից վերցնել և թույլ չտալ, որ վնաս հասցնի տեխնիկային, տեխնիկայի կողքը կանգնած մարդկանց, ինչպես նաև իր գրկին գտնվող երեխային։
Բնակիչները մանկասայլակներով փակել էին դեպի տնակներ տանող ճանապարհը ու չէին թողնում մոտենալ տներին։ Ամեն կողմից լսվում է երեխաների լացն ու գոչյունները։
Շենգավիթի թաղապետ Ռոմիկ Մխիթարյանն էլ NEWS.am–ին հայտնել էր, որ այդ մարդիկ, տարածքը վերածել են աղբանոցի, փողի դիմաց թույլ են տալիս շինրարարական աղբ թափել այդտեղ։ Նա նաև նշել էր, որ տնակների պամոնտաժումը դադարեցվել է երեկ, իսկ այսօր այդ ընտանիքի անդամներին ընդունելու են թաղապետարանում։











