Մասնագետներն ահազանգում են՝ Հայաստանի գլխավոր ջրային ռեսուրսը՝ Սևանա լիճը վտանգված է։ Լիճ թափվող կեղտաջրերը, ազոտի և ֆոսֆորի ավելցուկն ու կլիմայի փոփոխությունները վտանգում են Սևանի էկոլոգիական հավասարակշռությունը։ Վերջին հարյուր տարվա ընթացքում Սևանի ավազանում ջերմաստիճանը բարձրացել է գրեթե 2 աստիճանով, ինչի հետևանքով մեծացել է բնական գոլորշիացման ծավալը։

«Ջրի քանակի կրճատումն անխուսափելիորեն հանգեցնում է ջրի որակի խնդիրների, որոնք գնալով ավելի են սրվում՝ պայմանավորված Սևան թափվող տարբեր չմաքրված ջրերով»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ասիական զարգացման բանկի Հայաստանյան մշտական առաքելության ծրագրի ղեկավար Վարդան Կարապետյանը՝ նշելով, որ աղտոտման աղբյուրները բազմազան են և ներառում են տնային տնտեսություններից արտանետվող կոմունալ-կենցաղային ջրերը, արդյունաբերական և գյուղատնտեսական կեղտաջրերը։

Կեղտաջրերի մուտքը Սևանա լիճ բացառելու նպատակով Ասիական զարգացման բանկը Հայաստանի կառավարության հետ համագործակցությամբ մշակել է ծրագիր, որի շրջանակում պետք է արդիականացվեն Գավառի, Մարտունու և Վարդենիսի մաքրման կայանները։

«Ասիական զարգացման բանկում, իհարկե, նախկինում իրականացրել ենք մի շարք ուսումնասիրություններ, վերլուծական աշխատանքներ ու գնահատումներ, հասկանալու համար, թե ինչու է կարևոր մաքրել Սևանա լիճը, ինչու է անհրաժեշտ ներդրումներ կատարել ենթակառուցվածքների զարգացման ու բարելավման ուղղությամբ։ Եվ այժմ մենք գտնվում ենք շատ կարևոր փուլում, երբ ուսումնասիրություններից անցնում ենք իրական գործողությունների։ Այս ուսումնասիրություններն արդեն վերածվում են Սևանա լճի մաքրմանն ուղղված հստակ ծրագրերի ու ներդրումային նախագծերի»,–ասաց Հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Լյազիզա Սաբիրովան։

Ծրագրի առաջին փուլով մեխանիկական մաքրման կայանները կարդիականացվեն, ինչից հետո Սևան թափվող կեղտաջրերը կենթարկվեն նաև կենսաբանական մաքրման։ Դրա արդյունքում լիճ թափվող ֆոսֆորի ծավալը տարեկան կարող է նվազել մինչև 70 տոննայով, հետևաբար կնվազի նաև Սևանի ծաղկման ռիսկը։
Ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 260 մլն դոլար։ Ծրագիրն այժմ նախագծման փուլում է։ 1-ին փուլի ներդրումային փաթեթն արդեն հավանության է արժանացել։
«Ոլորտային խնդիրները շատ են, և մենք ուրախ ենք, որ ունենք գործընկերներ, որոնց ճկունության, որոնց ջանքերի, որոնց ներգրավվածության և համատեղ աշխատանքի արդյունքում նմանօրինակ մեծ ծրագիր ենք իրականացնում»,–ասաց Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Նվարդ Վարդանյանը՝ նշելով, որ ծրագիրը ոչ թե ոչ միայն ինստիտուցիոնալ բարեփոխում է, այլև կայուն և երկարաժամկետ կառուցվածքային փոփոխություն։












