ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հայտարարել է, որ Սպիտակ տուն վերադառնալուց ի վեր իրեն հաջողվել է կարգավորել ութ պատերազմ՝ դրանց թվում առանձին նշելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը։

«Պաշտոնը ստանձնելուց ի վեր ինձ համար մեծ պատիվ է եղել կարգավորել ութ պատերազմ և դրա շնորհիվ բարեկամական հարաբերություններ հաստատել այդ երկրների ղեկավարներից շատերի հետ»,- Նյու Յորքում ելույթի ժամանակ ասել է Թրամփը։

Թրամփը նշել է, որ այդ հակամարտություններից շատերը շարունակվել են տարիներ և նույնիսկ տասնամյակներ։ Թրամփը հայտարարել է, որ համաձայնությունների հասնել իրեն հնարավորություն են տվել պետությունների ղեկավարների հետ անձնական հարաբերությունները, ինչպես նաև առևտուրը, մաքսատուրքերը և մաքսատուրքեր սահմանելու սպառնալիքը։

«Պատճառը, որի շնորհիվ ինձ հաջողվեց հասնել այդ կարգավորումներին, իմ հարաբերությունների օգտագործումն էր՝ շատ առանձնահատուկ հարաբերությունների, որոնք այդպիսին են մնում մինչ օրս։ Շատ, շատ առանձնահատուկ հարաբերություններ»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Թրամփն իր ելույթում թվարկած հակամարտությունների թվում նշել է Կամբոջայի և Թաիլանդի, Կոսովոյի և Սերբիայի, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության և Ռուանդայի, Պակիստանի և Հնդկաստանի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև դիմակայությունը։ Նույն ցանկում նա ներառել է նաև Գազայի պատերազմը՝ նշելով, որ ձեռք բերված համաձայնությունը, մասնավորապես, նախատեսում է բոլոր՝ թե՛ ողջ, թե՛ մեռած պատանդների վերադարձը։

Խոսելով հատկապես հայ-ադրբեջանական կարգավորման մասին՝ Թրամփը հղում է արել երկու երկրների ղեկավարների գնահատականներին։

Ըստ ԱՄՆ նախագահի՝ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Թրամփը վեց ամսում «հրաշք» է գործել։

«Ադրբեջանի նախագահն ասաց, որ նախագահ Թրամփը վեց ամսում հրաշք է գործել։ Դա բացարձակ հրաշք էր, որը, ինչպես ոչ ոք չէր կարծում, հնարավոր էր իրականացնել»,- Ալիևի խոսքերն է փոխանցել Թրամփը։

Նա մեջբերել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որն, ըստ Թրամփի, հայտարարել է, թե ձեռք բերված բեկումն անհնար կլիներ առանց ԱՄՆ նախագահի անձնական մասնակցության և խաղաղության հասնելու նրա վճռականության։

«Հայաստանի վարչապետն ասաց, որ այդ բեկումը պարզապես հնարավոր չէր լինի առանց նախագահ Թրամփի անձնական մասնակցության և խաղաղության հասնելու նրա վճռականության»,- ասել է ԱՄՆ առաջնորդը։

Թրամփը Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորումն անվանել է այն ութ հակամարտություններից մեկը, որոնք, իր պնդմամբ, հաջողվել է լուծել իր դիվանագիտական ջանքերի շնորհիվ։