Դատարանն այսօր՝ սեպտեմբերի 3–ին, քննում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու միջնորդությունը։ Դատարանի բակում հավաքված են Ծառուկյանի աջակիցներն ու համակիրները։

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը հուլիսի 7-ին կալանավորվել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքներով: Ավելի ուշ ԲՀԿ առաջնորդի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ հարկերից խուսափելու հոդվածով:

Նախօրեին հայտարարություն տարածվեց, որ ձևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե։

Կոմտեի հայտարարությունում, որի տակ ստորագրել են 58 հայտնի անձինք, ասվում է. «Մենք՝ ներքոստորագրող անձինքս, համատեղ նախաձեռնությամբ ձևավորել ենք Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե։

Այս նախաձեռնության հիմքում միայն մեկ անձի պաշտպանությունը չէ։ Մեր գլխավոր նպատակը Հայաստանում մարդու իրավունքների, արդարության և օրենքի գերակայության պաշտպանությունն է։ Մենք համոզված ենք, որ մեր երկրում որևէ քաղաքացի չպետք է ենթարկվի քաղաքական դրդապատճառներով հետապնդումների, հաշվեհարդարի, տնտեսական ունեզրկման կամ իր սեփականության նկատմամբ ապօրինի ոտնձգությունների։

Միաժամանակ ընդգծում ենք՝ Գագիկ Ծառուկյանի պաշտպանության կոմիտեն միայն Գագիկ Ծառուկյանի պաշտպանությանն ուղղված նախաձեռնություն չէ։ Ցավոք, Հայաստանում բազմաթիվ են մարդու իրավունքների խախտումների, քաղաքական հետապնդումների և ազատությունից զրկված անձանց վերաբերյալ խնդիրները։ Մենք այս ամենը դիտարկում ենք որպես մեկ ընդհանուր՝ մարդու իրավունքների պաշտպանության օրակարգ։

Մեր պայքարը արդարության, օրենքի գերակայության և մարդու արժանապատվության պաշտպանության համար է։