Հայ ազգային երաժշտության պահպանման և տարածման նպատակով ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի նախաձեռնությամբ կազմակերպվել էր «Ակունք» պետական ազգագրական համույթի համերգային ծրագիրը։

Քրեակատարողական ծառայությունից NEWS.am–ին հայտնում են, որ միջոցառման մեկնարկին համույթի գեղարվեստական ղեկավար Արթուր Շահնազարյանը ներկայացրել է «Ակունք»-ի հիմնադրման պատմությունը, հայկական ավանդական երաժշտության և ծիսական կատարումների առանձնահատկություններն ու ազգային մշակույթի պահպանման կարևորությունը։

Համերգային ծրագրի ընթացքում հնչել են ավանդական երգեր և պարեր՝ հնարավորություն ընձեռելով ազատազրկված անձանց հաղորդակից դառնալու հայ ազգային մշակույթի հարուստ ժառանգությանը։