Չինաստանի Շանդուն նահանգի Ցինդաո քաղաքի նավաշինարանում տեխնիկական սպասարկում անցնող օտարերկրյա բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 20 մարդ է զոհվել, ևս 5-ը համարվում է անհետ կորած։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։
Ցինդաոյի հրդեհափրկարարական ծառայության տվյալներով՝ հրդեհը բռնկվել է սեպտեմբերի 10-ին՝ տեղական ժամանակով մոտ 11:15-ին, Չինաստանի պետական նավաշինական կորպորացիայի կազմի մեջ մտնող «Qingdao Beihai Shipbuilding Co., Ltd.» նավաշինարանի տարածքում։
Պատահարի պահին նավի վրա գտնվել է 42 մարդ: 12-ին հաջողվել է տարհանել: Եվս 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց, նրանց վիճակը գնահատվում է կայուն:
Բաց կրակը փրկարարներին հաջողվել է մարել մոտ ժամը 14:30-ին: Մինչև ժամը 17:30-ը նավի վրա հայտնաբերվել է 20 զոհվածի մարմին: Նավի վրա գտնվող մարդկանց որոնումները շարունակվել են:
Դեպքի վայր են ուղարկվել արտակարգ իրավիճակների, հրդեհափրկարարական, հասարակական անվտանգության և առողջապահության մարմինների աշխատակիցները։ Նրանք իրականացնում են որոնողափրկարարական գործողություններ և պարզում պատահարի հանգամանքները։


























