Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը հայտարարել է, որ իր կառավարությունը կփոխի այն օրենսդրությունը, որը փաստացի արգելում էր նույնասեռ զույգերին երեխաներ որդեգրել։ Խոսքը վերաբերում է 2020 թվականին Վիկտոր Օրբանի կառավարության ներդրած համակարգին, հայտնել է Reuters-ը։

Մինչև 2020 թվականի վերջը Հունգարիայում նույնասեռ զույգերը կարող էին երեխաներ որդեգրել, եթե զուգընկերներից մեկը դիմում էր ներկայացնում որպես միայնակ անձ։ Այն բանից հետո, երբ այն ժամանակ իշխող «Ֆիդես» կուսակցությունն ընդունեց օրենքը, միայնակ անձանց կողմից որդեգրումը հնարավոր դարձավ միայն ընտանիքի հարցերով նախարարի հավանությամբ։ Գործնականում դա հանգեցրել է նույնասեռ զույգերի կողմից որդեգրումների դադարեցմանը։

«Մենք կարող ենք միանշանակ հայտարարել, որ կփոխենք այս համակարգը. նման դեպքերում որոշումը պետք է կայացնի ոչ թե նախարարը, ոչ թե քաղաքական գործիչը, այլ մասնագետները, որոնք կարող են որոշել այն պայմանները, որոնց դեպքում կոնկրետ երեխան կկարողանա մեծանալ որպես հասարակության երջանիկ և ներդաշնակ անդամ», — ասել է Մադյարը մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով որդեգրման համակարգի բարեփոխման մասին հարցին։

Ապրիլին խորհրդարանական ընտրություններում հաղթանակից հետո Մադյարը փոխարինել է Օրբանին՝ վերջ դնելով նրա իշխանության 16-ամյա շրջանին։

Օրբանի կառավարությունը, որը ներկայանում էր որպես արևմտյան լիբերալիզմից քրիստոնեական արժեքների պաշտպան, ավելի վաղ նաև ընդունել էր օրենքներ, որոնք փաստացի արգելել էին պաշտոնական փաստաթղթերում սեռի փոփոխությունը և սահմանափակել դպրոցներում համասեռամոլության ու սեռի փոփոխության հետ կապված նյութերի տարածումը։

Ապրիլին, Հունգարիայում խորհրդարանական ընտրություններից քիչ առաջ, ԵՄ դատարանը որոշեց, որ ԼԳԲՏ համայնքի հետ կապված կոնտենտի հասանելիությունը սահմանափակող հունգարական նորմերը խախտում են եվրոպական օրենսդրությունը։ Դատարանը նշել է, որ այդ կանոնները նպաստում են գեյերի և տրանսգենդերների խարանմանն ու մարգինալացմանը։

Հունգարիայում նույնասեռ ամուսնությունները դեռևս թույլատրված չեն, սակայն պետությունը ճանաչում է քաղաքացիական զուգընկերությունները։