Հորդանանի Ակաբա քաղաքում տեղի ունեցած ամոնիակի արտահոսքի հետևանքով 11 մարդ է թունավորվել։ Այս մասին հայտնել է Ակաբայի հատուկ տնտեսական գոտու վարչության շրջակա միջավայրի և հանրային անվտանգության հարցերով հանձնակատար Նիդալ Ալ-Աուրանը։
Նրա խոսքով՝ արտահոսքը տեղի է ունեցել հին պոմպերից կամ ճնշակներից մեկի տեխնիկական սպասարկման ժամանակ, որում ամոնիակ էր կուտակված եղել։ Վերանորոգման աշխատանքների ընթացքում փոքր քանակությամբ գազ է դուրս մղվել։
11 մարդու մոտ ի հայտ են եկել թեթև և միջին աստիճանի շնչահեղձության ախտանիշներ։ Տուժածների մի մասը բուժօգնություն է ստանում արդյունաբերական համալիրի կլինիկայում, մյուսները տեղափոխվել են հիվանդանոց։
Տեղում աշխատում են քաղաքացիական պաշտպանության և անվտանգության ծառայությունների աշխատակիցները։ Արտահոսքը վերացվել է, իրավիճակը լիովին վերահսկվում է։
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ աշխատակիցները տարհանվել են։ Նրանք աշխատանքի կվերադառնան լրացուցիչ ստուգումներից և չափումներից հետո, որոնք կհաստատեն վտանգի բացակայությունը։




























