ՀՀ ԱԺ «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանը կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ թերարժեքության կոմպլեքս ունի։

«Նիկոլ Փաշինյանը մեր ընտանիքի և անձամբ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ կոմպլեքսներ ունի։ Հավանաբար, բանը խառնվածքի մեջ է։ Ուժեղ մարդը սովորաբար հարգում է իր նմաններին։ Թույլն ու վախկոտը չեն հարգում արժանապատիվ ու համարձակ մարդկանց, ուզում են, որ բոլորն իրենց պես լինեն», - սեպտեմբերի 17-ին կայացած ճեպազրույցում նշել է Լևոն Քոչարյանը։

Պատգամավորն ընդգծել է, որ հոր դեմ հարուցված քրեական գործը քաղաքական բնույթ է կրում. այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող, և ինչպիսի իրավական հիմնավորումներ էլ փորձեն բերել, նպատակների մասին կարելի է միայն կռահել։ Նրա խոսքով՝ ընդդիմադիր ուժերի առաջնորդների կալանավորումների շղթան պատահականություն չէ։ Իշխանություններն այս կերպ փորձում են թուլացնել ընդդիմությանը, հնարավոր է՝ Ադրբեջանին սպասվող զիջումների կամ Սահմանադրության փոփոխության լույսի ներքո։ «Հորս մասով՝ նա հատկապես փորձում է հաճոյանալ Ալիևին, որովհետև Արցախի բոլոր նախագահները բանտում են՝ 3-ը՝ Ադրբեջանում, 1-ը՝ Հայաստանում», - նշել է պատգամավորը՝ հիշեցնելով, որ կալանավորումներին նախորդել է երկրի ղեկավարության անմիջական հրահանգը։ Հարց հնչեցնելով, թե նման գործելաոճն ինչ կապ կարող է ունենալ ժողովրդավարության հետ՝ Լևոն Քոչարյանն ընդգծել է, որ անմեղության կանխավարկածի նմանօրինակ խախտումն ու վարքագիծն աննորմալ են Եվրոպա գնալու հայտ ներկայացրած երկրի համար, ինչպես նաև անհասկանալի է եվրոպական կառույցների լռությունը։

Պատասխանելով ընդդիմության գործողությունների վերաբերյալ հարցին՝ Քոչարյանն ընդունել է, որ առայժմ փողոցային պայքարը հաջողությամբ չի պսակվել, բայց հավելել է. «Կարծում եմ՝ հաջողվել է հետաձգել կամ չեզոքացնել որոշակի բացասական զարգացումներ»։

Անդրադառնալով իշխանությունների գործողություններին՝ Քոչարյանը նշել է, որ գույքի բռնագանձման գործընթացը մահակ է դարձել քաղաքական ընդդիմախոսների դեմ։ Պատգամավորը վերահաստատել է, որ իրենց ընտանիքն ապօրինի ոչինչ չի արել, իսկ իշխանությունների վարքագիծը բիզնեսի նկատմամբ տարակուսանք է հարուցում, քանի որ դրանից տուժում է երկրի բյուջեն։ Նրա խոսքով՝ մի բան է, երբ հաշիվների վրա կալանք է դրված, բայց բիզնեսն աշխատում է, և բոլորովին այլ բան, երբ ձեռնարկությունները կնքված են ու չեն գործում, հետևաբար՝ հարկեր չեն վճարում։ Քննչական կոմիտեի տարածած տեղեկությունը, թե իբր ընկերությունները թաքցրել են 9 միլիարդ դրամ, Քոչարյանն անվանել է մանիպուլյացիա, քանի որ, ըստ նրա, խոսքը ոչ թե այդ գումարը, այլ այդ գումարից գոյացող հարկերը թաքցնելու մասին է, ինչը բազմապատիկ անգամ ավելի քիչ է՝ էլ չասած այն մասին, որ տեղեկությունն ընդհանուր առմամբ չի համապատասխանում իրականությանը։ Ընդ որում, մեղադրող կողմը հայտարարում է, որ նպատակահարմար չի գտնում ապացույցներ ներկայացնել։ «Այսինքն՝ ամեն ինչ ծառայեցվում է աղմկոտ վերնագրեր և տպավորություն ստեղծելուն։ Ո՞վ է խորանալու, թե ինչումն է բուն խնդիրը, ո՞վ է կարդալու հերքումը», - դժգոհել է պատգամավորը։

«Գործ ունենք մի իշխանության հետ, որի գլխավոր զենքը սուտն ու մանիպուլյացիաներն են։ Ցանկացած ստորություն անում են ու դա անվանում ժողովրդի պահանջ», - եզրափակել է Լևոն Քոչարյանը։