Ինչպե՞ս ձեզ հաջողվեց ջնջել Հայաստանի 60 հազար քաղաքացիների կամքը։ Ինչո՞ւ խորհրդարանի երրորդ ընդդիմադիր խմբակցությունն այսօր ներկայացված չէ այս դահլիճում։ ԱԺ-ի սեպտեմբերի 17-ի նիստում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ, ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին նման հարցերով դիմեց «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
«Դուք հայտարարում եք, թե ընտրությունների ընթացքում թույլ տրված խախտումների հետևանքները գնահատելիս չի կարելի անտեսել այն ընտրողների իրավունքները, որոնք օրինական ճանապարհով են արտահայտել իրենց կամքը։ Խոսքը մեծամասնության մասին է։ Բայց շուրջ 60 հազար քաղաքացի նույնպես արտահայտել է իր կամքը։ Դուք մեջբերում եք Վենետիկի հանձնաժողովը և ասում, որ ընտրությունների արդյունքների լրիվ կամ մասնակի չեղարկումը պետք է լինի բացառիկ և համաչափ միջոց։ Ինձ հետաքրքիր է՝ ԿԸՀ-ն ինչպե՞ս է գնահատել արդյունքների չեղարկման համաչափությունը, երբ դրա հետևանքով փոխվել է խորհրդարանի քաղաքական կազմը, և ընդդիմադիր ուժը զրկվել է իր մանդատներից։ Ուզում եմ ձեզ ասել, որ Վենետիկի հանձնաժողովը նաև նշում է, որ արդյունքների չեղարկումը չպետք է խախտի այն ընտրողների իրավունքները, որոնք արդեն կատարել են իրենց ընտրությունը… Ո՞ր մաթեմատիկական հնարքով ձեզ հաջողվեց գողանալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ձայները։ Ինչպե՞ս ձեզ հաջողվեց երրորդ ընդդիմադիր ուժին դուրս մղել նիստերի այս դահլիճից»,- ընդգծեց Խամոյանը։
Ի պատասխան՝ ԿԸՀ ղեկավարը, ինչպես և սպասվում էր, հայտարարեց, որ իրենք որևէ ապօրինի որոշում չեն կայացրել։
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր իրավական դիրքորոշումն արտահայտել է հունիսի 14-ի որոշման մեջ։ Ձեր բարձրացրած հարցերը հետագայում ավելի մանրամասն քննվել են Սահմանադրական դատարանում։ Սահմանադրական դատարանին ներկայացվել են բոլոր, այսպես ասած, բացատրություններն ու պարզաբանումները։ Սահմանադրական դատարանն իր որոշմամբ, ըստ էության, հաստատել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման օրինականությունը»,- պատասխանել է Վահագն Հովակիմյանը։











