Սաուդյան Արաբիայի հարավ-արևմուտքում գտնվող Տաիֆ նահանգում անօդաչու թռչող սարքի խոցման հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել, հայտնում է Al Jazeera-ն՝ վկայակոչելով տեղական հեռուստատեսությունը։

Լրատվամիջոցի տվյալներով՝ զոհվածը Սաուդյան Արաբիայում բնակվող Եմենի քաղաքացի էր։

Սաուդյան Արաբիայի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը հայտարարել է, որ անօդաչուն արձակել էին հարևան Եմենի հութիները։ Մարդու զոհվելու և վիրավորվելու հանգամանքները չեն պարզաբանվում։

Սա այս ամսվա ընթացքում Սաուդյան Արաբիայի տարածքում մարդու զոհվելու մասին առաջին պաշտոնական հաղորդագրությունն է այն բանից հետո, երբ Իրանի աջակցությունը վայելող եմենցի հութիներն ակտիվացրել են թագավորության դեմ հարձակումները։