Ռոստովի և Սամարայի մարզերի նավթավերամշակման գործարաններն այս շաբաթ անօդաչու թռչող սարքերի գրոհերից հետո դադարեցրել են նավթի վերամշակումը։
Ինչպես Reuters-ին հայտնել են ոլորտի աղբյուրները, սեպտեմբերի 22-ից դադարեցրել է վառելիքի արտադրությունը «Ռոսնեֆտի» Կույբիշևի նավթավերամշակման գործարանը, որի հզորությունը տարեկան կազմում է մոտ 5 մլն տոննա։ Չորեքշաբթի գիշեր տեղի ունեցած գրոհից հետո գործարանում վնասվել են առաջնային վերամշակման երկու կայանքները՝ AVT-4-ը և AVT-5-ը, որոնց արտադրողականությունը կազմում է օրական մոտ 10 հազար տոննա։
Սեպտեմբերի 25-ից դադարեցվել է նաև Նովոշախտինսկի նավթամթերքների գործարանի աշխատանքը, ուրբաթ հայտնել է Ռոստովի մարզի նահանգապետ Յուրի Սլյուսարը։ Տարեկան 3,3 մլն տոննա հզորությամբ ձեռնարկությունը, որն աշխատում է արտահանման ուղղությամբ և վառելիք չի արտադրում ներքին շուկայի համար, «վնասներ է կրել», գրել է Սլյուսարը իր թելեգրամ-ալիքում։
Ընդհանուր առմամբ, սեպտեմբերի սկզբից Ռուսաստանում 7 նավթավերամշակման գործարան դադարեցրել է աշխատանքն անօդաչու թռչող սարքերի գրոհների պատճառով։ Սեպտեմբերի 20-ից կանգնել է «Գազպրոմ նեֆտի» Մոսկվայի նավթավերամշակման գործարանը՝ մայրաքաղաքային տարածաշրջանի բենզինի գլխավոր մատակարարը։ Սեպտեմբերի 17-ին դադարեցրել է վերամշակումը նաև «Յարոսլավնեֆտեօրգսինթեզ» գործարանը, որը նույնպես վառելիք է մատակարարում Մոսկվային։
Սեպտեմբերի 11-ին և 15-ին համապատասխանաբար կանգնել են «Ռոսնեֆտի» Սիզրանի և Սարատովի նավթավերամշակման գործարանները, որոնց ընդհանուր հզորությունը տարեկան գերազանցում է 15 մլն տոննան։ Իսկ սեպտեմբերի 6-ին դադարեցրել է վերամշակումը Ռյազանի նավթավերամշակման գործարանը։
Այս տարի ռուսական նավթավերամշակման գործարանների դեմ մոտ հարյուր հարձակումները երկրում նավթի վերամշակման ծավալները նվազեցրել են մոտ մեկ երրորդով՝ հասցնելով օրական 4 մլն բարելի, ինչը 20 տարի առաջվա մակարդակն է։ Իսկ նախկին մակարդակների վերականգնում, ինչպես զգուշացնում է Միջազգային էներգետիկ գործակալությունը, առնվազն առաջիկա մեկ տարում չի լինի։
Առաջին ութ ամիսների ընթացքում դրանք միջինը երեք օրը մեկ ենթարկվել են ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածներին, Ռուսաստանի 32 խոշոր նավթավերամշակման գործարաններից այդ հարվածներից խուսափել է միայն հինգը, որոնք բոլորը գտնվում են Արևելյան Սիբիրում կամ Հեռավոր Արևելքում՝ Ուկրաինայի հետ սահմանից 3 500-6 500 կիլոմետր հեռավորության վրա, հաշվարկել է Միջազգային էներգետիկ գործակալությունը։
Վառելիքի դեֆիցիտը ստիպել է ՌԴ կառավարությանն արգելել բենզինի և դիզվառելիքի արտահանումը, անցնել դրանց ներմուծմանը, ինչպես նաև թույլատրել հնացած Եվրո-2 և Եվրո-3 ստանդարտների բենզինի վաճառքը։ Օգոստոսի վերջին Ռուսաստանում բենզինի արտադրությունը ծածկել է ներքին պահանջարկի միայն 70 տոկոսը։




























