Մոտ 66 միլիոն տարի առաջ այն աստերոիդը, որը վերջ դրեց դինոզավրերի դարաշրջանին, ճանապարհ հարթեց կենդանիների նոր տեսակների տպավորիչ տարածման համար։ Այդ շրջանում մրջյունները հասան էկոլոգիական գերիշխանության։ Այսօր դրանք կազմում են սոցիալական միջատների ամենախոշոր ընտանիքը՝ ամբողջ աշխարհում ունենալով ավելի քան 15 հազար տեսակ։
Science Advances գիտական հանդեսում հրապարակված նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ մրջյունները շահել են իրենց ԴՆԹ-ում առկա այսպես կոչված տրանսպոզացվող (էուկարիոտային գենոմում հանդիպող ԴՆԹ-ի հաջորդականության ևս մեկ տեսակ) տարրերից, որոնք հաճախ անվանում են «ցատկող գեներ»։ Հետազոտությունն իրականացրել է միջազգային գիտահետազոտական խումբը՝ Մյունստերի համալսարանի Էվոլյուցիայի և կենսաբազմազանության ինստիտուտի (IEB) Լուկաս Շրադերի ղեկավարությամբ։
«Ցատկող գեները» ԴՆԹ-ի այնպիսի հաջորդականություններ են, որոնք ունակ են տեղաշարժվել և բազմապատկվել գենոմի ներսում։ Երկար ժամանակ դրանք համարվում էին «գենոմային մակաբույծներ», որոնք, վիրուսների նման, բազմանում են գենոմում՝ ոչ մի օգուտ չբերելով տիրոջը, իսկ ամենավատ դեպքում ի վիճակի են նույնիսկ հիվանդություններ առաջացնել։ Սակայն այժմ դրանք ավելի ու ավելի հաճախ ճանաչվում են որպես էվոլյուցիոն նորարարությունների շարժիչ ուժեր։ Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ մրջյունների այն գծերը, որոնց գենոմներում տրանսպոզացվող տարրերի քանակը ամենամեծն է, այսօր նաև ամենահարուստն են տեսակներով։
Ավելի զարմանալի է այն, որ հետազոտողները հայտնաբերել են տրանսպոզացվող տարրերի ակտիվության անկախ բռնկումներ մրջյունների խոշորագույն խմբերի նախնիների մոտ վաղ պալեոգենում (մոտ 66 միլիոն տարի առաջ)՝ այդ գծերի՝ այսօր ապրող հազարավոր տեսակների վերածվելուց քիչ առաջ։
«Աստերոիդի հարվածը դրամատիկ հետևանքներ ունեցավ շրջակա միջավայրի համար։ Այժմ մենք հայտնաբերել ենք գենոմային մեխանիզմ, որը կապում է այս էկոլոգիական ցնցումները մրջյունների հետագա արագ դիվերսիֆիկացիայի հետ՝ տրանսպոզացվող տարրերի միջոցով»,- պարզաբանում է Լուկաս Շրադերը։ Նմանատիպ օրինաչափություններ հայտնաբերվել են նաև կենդանիների այլ խմբերում. հետազոտությունները ցույց են տվել «ցատկող» գեների ակտիվության բռնկումներ ինտենսիվ տեսակառաջացման ավելի ուշ փուլերում, օրինակ՝ պրիմատների և չղջիկների շրջանում։
Նոր հետազոտությունն անցկացրած գիտնականների խումբը նաև կապել է տրանսպոզացվող տարրերը գեների կարևոր ընտանիքների ընդլայնման հետ, որոնք մասնակցում են քիմիական հաղորդակցությանը։ Այդ գործընթացում առանձնահատուկ տեղ էին զբաղեցնում հոտառական ռեցեպտորները, որոնք անհրաժեշտ են մրջյունների սոցիալական կյանքի համար. մրջյունները կողմնորոշվում են, ճանաչում են իրենց ցեղակիցներին և համակարգում են գաղութների գործողությունները գրեթե բացառապես հոտի միջոցով։ Մեկնաբանելու և քիմիական ազդանշանները ճանաչելու նրանց կարողությունը ըստ ամենայնի, ուժեղացվել է հենց իրենց գենոմների անդադար ակտիվությամբ։
Այդ հետազոտության շրջանակում գիտնականների խումբը վերլուծել և համեմատել է մրջյունների 163 տեսակների գենոմները՝ ներկայում գոյություն ունեցող 16 ենթաընտանիքներից տասներկուսից, վերակառուցելով տրանսպոզացվող տարրերի էվոլյուցիոն պատմությունն ու ակտիվությունը վերջին 100 միլիոն տարվա ընթացքում։





























