Վերջին շաբաթներին Արգենտինայի հարավի լողափեր են դուրս նետվել հարավային ուղիղ կետերի հարյուրավոր սատկած ձագեր։ Հատկապես շատ ձագերի անկման դեպքեր են գրանցվել Չուբուտ նահանգում, որտեղ առաջին դեպքերը սկսել էին արձանագրել դեռ հունիսին։

Գիտնականները ենթադրում են, որ պատճառը կարող է լինել էրիզիպելոիդը՝ մաշկի լուրջ բակտերիալ վարակ, որը ցավ և բարձր ջերմություն է առաջացնում, գրում է Bild-ը։ Ծովային կենսաբան Մարիանո Կոսարսելայի ասելով՝ ամենայն հավանականությամբ խոսքը մահվան բնական պատճառի մասին է, թեև մարդու գործունեության ազդեցությունը դեռևս ամբողջությամբ բացառել հնարավոր չէ։

Պուերտո Մադրինը և մոտակայքում գտնվող Վալդես թերակղզին հարավային ուղիղ կետերի բազմացման կարևորագույն շրջան են։ Անցյալ տարի այստեղ հաշվարկել էին ռեկորդային 2110 կետ, դրանց թվում՝ 800 ձագ։ Այս տարի՝ 1375 կենդանի, որոնցից գրեթե 400-ը ձագեր են։ Միաժամանակ հետազոտողները առայժմ ներկայիս անկումը չեն համարում սպառնալիք ամբողջ պոպուլյացիայի համար․ հարավային ուղիղ կետերը միջինում ապրում են ավելի քան 60 տարի։