Մեծ Բրիտանիայում ակտիվորեն նոր տարածքներ գրավող և տեղական կենդանիներին դուրս մղող օտարածին կողալող խեցգետնիկ են հայտնաբերել, որը հայտնի է որպես «մարդասպան ծովախեցգետին»։ Մասնագետները մտավախություն ունեն, որ այն կարող է վնաս հասցնել տեղական էկոհամակարգերին, հայտնում է BBC-ն։

Խոսքը Dikerogammarus haemobaphes տեսակի մասին է, որը ծագում է Կասպից ծովից։ Այս խեցգետնիկներն ավելի խոշոր են, քան բազմաթիվ տեղական տեսակներ, և առանձնանում են մեջքի բնորոշ զոլավոր նախշերով։

Տեսակի ներկայացուցիչը հայտնաբերվել է Հոլի Բրուկում՝ Ուիլթշիր և Բերքշիր կոմսություններով հոսող Քենեթ գետի վտակում։ «Մարդասպան ծովախեցգետինն» ընդունակ է դուրս մղել տեղական բնակիչներին՝ ուտելով մանր ձուկն ու դրա ձկնկիթը։ Բացի դրանից, սնման և վարքագծի առանձնահատկությունների պատճառով այս տեսակը կարող է նպաստել ջրի որակի վատթարացմանը։

Ենթադրվում է, որ խեցգետնիկը Մեծ Բրիտանիա է հասել՝ կպչելով նավակի կմախքին։ Հետագայում այն կարող էր տարածվել ջրամբարներով՝ նավավարների և ձկնորսների շնորհիվ, որոնք այն իրենց հանդերձանքի վրա տեղափոխել են՝ չկասկածելով դրա մասին։

Մասնագետները ջրային սպորտի և ձկնորսության սիրահարներին կոչ են արել հետևել «Ստուգիր, մաքրի՛ր, չորացրու» կանոնին։ Այն նախատեսում է օգտագործումից հետո սարքավորումների ստուգում, դրանց մանրակրկիտ մաքրում և ամբողջական չորացում՝ նախքան մեկ այլ ջրամբար այցելելը։

Այսպկերպ, մասնագետները հույս ունեն կանխել ինվազիվ տեսակի հետագա տարածումը և նվազեցնել տեղական ջրային էկոհամակարգերի համար սպառնալիքը։