Վենեսուելական հարյուրավոր միլիոն դոլար արժողությամբ ոսկին շարունակում է մնալ ԱՄՆ-ի պահեստներում, քանի որ ամերիկյան վերամշակող ընկերությունները խուսափում են դրանից՝ կոռուպցիայի, հանցավոր խմբավորումների և բնապահպանական վնասների հետ հնարավոր կապերի պատճառով։ Այս մասին հայտնում է «The New York Times» (NYT) պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Մասամբ ԱՄՆ վարչակազմի շտապողականության պատճառով հարյուրավոր միլիոն դոլար արժողությամբ այս ոսկին մնում է պահեստներում։ <…> Միջազգային կանոնների համաձայն՝ վերամշակող ընկերություններին երաշխիքներ են պետք, որ ոսկին կապված չէ հանցախմբերի ֆինանսավորման, բնապահպանական վնասների ու կոռուպցիայի հետ», — ասված է հոդվածում։
Ըստ հաղորդման՝ խոսքը այն ոսկու մասին է, որն ամերիկյան իշխանությունները թույլատրել են ԱՄՆ ներմուծել հունվարին՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի առևանգումից հետո։ Ավելի վաղ «Axios» պորտալը հայտնել էր, որ վենեսուելական «Minerven» ոսկեարդյունահանող ընկերությունը պայմանավորվել է «Trafigura» ապրանքային թրեյդերին վաճառել 650-ից մինչև 1000 կգ ոսկու ձուլակտոր։ Նախատեսվում էր, որ դրանից հետո ընկերությունը մետաղը կուղարկի ԱՄՆ-ի վերամշակող գործարաններ։





























