Ոչ մի կերպ չեմ ընդունում Ալբերտի նկարը ջնջելու պարագան. եթե կա համապատասխան որոշում, որ պետք է վերանորոգում արվի, նկարի հարցը որոշվի, թե այդ նկարը նորից ենք նկարում, թե փակում ենք, վերանորոգում ենք, այդ հարցերը պիտի քննարկվեն, այդ հարցերի մասին ես տեղյակ չեմ եղել, լրատվականներից եմ իմացել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 29–ին, լրագրողների հետ զրույցում նշեց 44–օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովյաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով նրան, որ Հաղթանակ զբոսայգու պատից ջնջել են որդու նկարը։

«Ես շատ բուռն արձագանքել եմ, իմ խոսքում էլ ինչ ասելու կար, ասել եմ։ Այո, հիմա կա պարզաբանում, խոսել եմ քաղաքապետարանի մամլո խոսնակ Ջուլիետա Ազարյանի հետ, կառուցողական խոսակցություն ենք ունեցել, հիմա ունենք դրական պատկեր։ Հիմա քննարկվում է, թե ինչ կերպ են արժևորելու ու այդ նկարի փոխարեն ինչ է լինելու, կլինի քանդակ, թե ուրիշ ավելի հետաքրքիր մեծ նկար։ Տեղի հետ կապված միանշանակ լինելու է Հաղթանակի զբոսայգին, ուրիշ տեղ չեմ գտնում նպատակահարմար։

Կլինի նկարի տեսքով, թե քանդակի տեսքով, ինչ տեսքով որ կքննարկվի, այդ տեսքով էլ, վերջնական որոշումը ես կկայացնեմ, իմ հավանությունը կտամ»,–ասաց նա։

Հարցին՝ ինչու՞ է Երևանի քաղաքապետարանը բարենորոգելու աշխատանքները սկսել հենց հերոսների նկարները պատերից մաքրելուց, Արտակ Հովհաննիսյանը պատասխանեց. «ես անգամ այդ հարցը տվել եմ Ջուլիետա Ազարյանին։ Ասաց՝ այդ պատերի տակ, այդ նկարների տակ, ինչ ասեք անում են, կեղտոտում են, մաքուր չեն պահում, որը հարիր չի։ Ես ընկալում եմ այս մոտեցումը։ Նաև տիկին Ազարյանը ասել է, որ պուրակ է կառուցվում տղաների համար, և ուզում եմ, որ տղաները այնտեղ անդրադարձ լինի ու բոլորը լինեն։ Հիմա սպասենք այդ լուրերին։

Ես չեմ ողջունում նկար ջնջելը, անկախ ամեն ինչից, բայց այն հանգամանքը, որ պետք է լինի մի տեղ պատկեր ու այդտեղ պետք է աղտոտվի, ու դա մեր հասարակությունն է անում։

Էլի եմ ասում, նկար մաքրելուն կողմ չեմ։ Ցանկացած գործողություն, երբ որ արվում է տղաների հետ կապված, բարի լինեն ծնողներին գոնե զգուշացնենք, ոչ թե կարդանք կամ լսենք լրատվականներից»։