Հունգարիայի բնակիչ Գերգո Բորբեյը համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ հավաքելով 2000 տարբեր էներգետիկ խմիչքների թիթեղյա բանկաներից կազմված հավաքածու, գրում է UPI-ն։
Տղամարդու պատմելով՝ էներգետիկների հանդեպ նրա հետաքրքրությունը պատահաբար է սկսվել դեռ 2008 թվականի օգոստոսին։ Շոգ օրերից մեկում ուսանողը հանրակացարանի մոտ գտնվող խանութ էր մտել սառը գազավորված ըմպելիք գնելու, բայց հարմար տարբերակ էր գտնվել միայն էներգետիկը։ Խմիչքը նրան դուր էր եկել, ինչից հետո նա սկսել էր փորձել այլ ապրանքանիշեր։
Դատարկ բանկաներն աստիճանաբար կուտակվում էին սենյակում։ Մի օր Բորբեյը որոշել էր դրանք հանձնել վերամշակման, սակայն պահել էր յուրաքանչյուր դիզայնից մեկական օրինակ։ Այդ ժամանակ հավաքածուն կազմում էր ընդամենը մոտ 15 բանկա։
Հաջորդ տարիների ընթացքում տղամարդը նոր նմուշներ էր բերում Ճապոնիայից, ԱՄՆ-ից և Եվրոպայի տարբեր երկրներից։ Հավաքածուի ամենաանսովոր նմուշների թվում են 1990-ականների Michael Jackson Mystery էներգետիկները և դեռևս Հարավսլավիայում արտադրված հին Guarana բանկան։
Այժմ Guinness World Records-ը պաշտոնապես Բորբեյի հավաքածուն ճանաչել է աշխարհի խոշորագույնը։
«Եթե 2008 թվականին ինձ ասեին, որ մի քանի բանկա մի օր համաշխարհային ռեկորդի կհանգեցնի, կծիծաղեի»,- խոստովանել է տղամարդը։
Հավաքորդը մտադիր չէ կանգ առնել և շարունակում է նոր հազվագյուտ նմուշներ փնտրել։





























