Ազգային ժողովի հոկտեմբերի 6-ի նիստում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» և ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունների պատգամավորների միջև օրվա ընթացքում արդեն երկրորդ բանավեճն է բռնկվել։

Օրակարգում ներառված էր մի շարք հոգևորականների գործունեության, ինչպես նաև դրանով պայմանավորված՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու կողմից հայ ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման ու ազգային ինքնության պահպանման գործում իր բացառիկ առաքելությունը չկատարելու արդյունքում առաջացած ճգնաժամի հարցերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թվաքանակի սահմանման մասին նախագիծը, որն ընդդիմությունը համարում է հակասահմանադրական։

Վեճը հրահրել են իշխող խմբակցության ներկայացուցիչները։ Մասնավորապես, պատգամավոր Տարոն Չախոյանը, ելույթ ունենալով ԱԺ ամբիոնից, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին դիմել է աշխարհիկ անունով (Կտրիճ Ներսիսյան - խմբ․), ինչը հարուցել է ընդդիմադիրների դժգոհությունը։ Վերջիններս, ըստ ավանդույթի, սկսել են հարվածել սեղաններին և տեղից աղմկել։ Արդյունքում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներից մեկի համբերության բաժակը լցվել է, և նա, դիմելով Չախոյանին, տեղից մի քանի անգամ «աղբ» է գոռացել։

Հատկանշական է, որ իրավիճակը ամեն կերպ լարելու էր ձգտում հենց Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, որը, պատգամավորներին դիմելիս, չգիտես ինչու նկատողություն էր անում բացառապես ընդդիմադիրներին՝ ընդ որում, բավականին էմոցիոնալ ու ագրեսիվ ոճով։ Մինչդեռ թիմակիցների հրահրող ելույթները խորհրդարանի ղեկավարին ամենևին չեն մտահոգել կամ վրդովեցրել։