Արդեն 4–րդ տարին է, որ տնտեսական առաքելություններ ենք կազմակերպում Հայաստանում, տարեցտարի դրանք ավելի հավակնոտ են դառնում, Բելգիայում շատ կարևոր ընկերություններ են գալիս Հայաստան, ինչը թույլ է տալիս համագործակցություն նախաձեռնել այնպիսի տարբեր ոլորտներում, ինչպիսիք են ենթակառուցվածքները, առողջապահությունը։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 7–ին, «Արմենպրես»–ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքը։

Նրա խոքով, այս տարի կազմակերպվող ծրագիրը շատ հականոտ է, բարձր մակարդակի հանդիպումներ կլինեն. «Ես ուրախ եմ, որ բելգիացի ձեռնարկատերերը խումբը Հայաստանում է, որն իր հետ շատ կոնկրետ ծրագրեր է բերել։

Մի շարք բարեփոխումներ են ընթանում Հայաստանում, այդ թվում առողջապահության ոլորտում, հետևաբար, հանդիպում ենք ունենալու ԱԳՄԱ նախարարությունում, ինչպես նաև այսօր առողջապահության նախարարի հետ ենք հանդիպելու՝ ընթացիկ բարեփոխումները քննարկելու համար։ Հանդիպում է նախատեսված նաև ԲՏԱ և ԱԲ նախարարությունում։ Մեր պատվիրակության մեջ կան բազում ձեռնարկությունների ներկայացուցիչներ, որոնք ակտիվ են ԱԲ–ի, կիսահաղորդիչների և տեխնոլոգիաների ոլորտներում»,–ասաց նա։

Իր հերթին Բելգիա–Հայաստան առևտրի պալատի նախագահ Վալերի Սաֆարյանը նշեց, որ այս միջոցառմանը նախորդել են երկու փոքր միջոցառումներ Բելգիայում, որտեղ ներկայացվել է Հայաստանը, Հայաստանի առաջխաղացումը, որը շուրջ 40 մասնակից է ունեցել և դրա արդյունքում այսօր մոտ 15 ձեռնարկությունների ղեկավարներ այցելել են Հայաստան. «Առաջին հերթին մենք ներկայացնում ենք Հայաստանի տնտեսության կայուն աճը, աստիճանական մերձեցումը ԵՄ–ի հետ, ինչպես նաև մեր երկու երկրների համեմատելի չափերը, ինչը net working–ը բավականին հեշտ է լինում։

Բազմաթիվ ոլորտներ են ներկայացված այս ծրագրի շրջանակներում՝ առողջապահություն, լոգիստիկա, շինարարությունը, IT—ն, ենթակառուցվածքները։ Բելգիական ձեռնարկությունների ղեկավարները, որոնք հայկական ծագում էլ չունեն, մոտ 2 մլն եվրոյի ներդրում են կատարել հայկական հիմնադրամի մեջ։

Մեր պատվիրակության մեջ կա նաև միջազգային ապահովադիր ընկերություն, որի կենտրոնատեղին Բրյուսելում է։ Հանդիպումներ են նախատեսված տեղական ապահովագրական ընկերությունների հետ»,–ասաց Սաֆարյանը։