Մենք, բոլորս լուծում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացու մտքում Հայաստանի Հանրապետությունում արդարությունը և արդարադատությունը որպես սոցիալ հոգեբանություն ձևավորելու խնդիր, որմարդը մտածի, որ ինքը ապրում է արդար երկրում, որ գնալով ավելի ու ավելի քիչ են դառնում հնարավորությունները, որ ինքը կդառնա անարդարության զոհ։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 8–ին, Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին իր ելույթում նշեց ՀՀ վարչպետ Նիկոլ Փաշինյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Չնայած մյուս կողմից պետք է արձանագրել, որ երբ մարդը օրենքի առաջ պատասխանատվության խնդիր է ունենում, շատ քչերը և ոչ բոլոր դեպքերում է, որ մարդը ընդունում է, որ ինքը այն, ինչ իր հետ տեղի է ունենում, հենց դա է արդարությունը կամ արդարադատությունը։ Բայց այնուամենայնիվ մենք պետք է կենտրոնանանք, որպեսզի մեր հանրության շրջանում այդ զգացումը խորանա, պետք է վստահությունը խորանա, որպեսզի մարդը, որ պրոբլեմ ունի, պետք է դիմի իրավապահ մարմիններին, պետք է գա քննչական մարմինների մոտ և մենք պետք է ստեղծենք մի մթնոլորտ, որ մարդը այս քայլը անելուց առաջ մի քանի անգամ մտածելու, վերամտածելու և, ի վերջո, դա չանելու որոշում կայացնելու անհրաժեշտություն չունենա։

Մարդ պետք է իմանա, որ ինքը վստահորեն կարող է դիմել ՀՀ քննչական կոմիտեին։ Եվ պետք է արձանագրել, որ նաև այն քրեական գործերի վիճակագրության ընթացքը, որը ներկայացվում է, ի վերջո նաև սրա մասին է վկայում, որ մարդիկ ավելի մեծ վստահությամբ են դիմում Քննչական կոմիտեին»,–ասաց նա։

Փաշինյանը նկատեց, որ քրեական գործերի թվի աճը միշտ չի, որ նշանակում է հանցավորության աճ. «Երբեմն դա նշանակում է վստահության մեծացում, երբ մարդիկ ավելի մեծ վստահությամբ կարող են դիմել իրավապահ մարմիններին և մասնավորապես Քննչական կոմիտեին»։