Ես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ հայ-ռուսական հարաբերություններում լարվածությունը մեղմելու ձգտում չեմ տեսնում։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի ավանդական ճեպազրույցների ժամանակ հոկտեմբերի 8-ին հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը։

«Մենք չենք կարծում, թե այն գործողություններն ու հռետորաբանությունը, որոնք տարիներ շարունակ այս իշխանության կողմից կիրառվում են Ռուսաստանի նկատմամբ, բխում են Հայաստանի Հանրապետության քաղաքացու շահերից», — հավելեց Քոչարյանը։

Նա նշեց, որ հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումից, որպես կանոն, տուժում են Հայաստանի սովորական քաղաքացիները։

«Դա անընդունելի է և անտրամաբանական։ Եթե կան խնդիրներ, դրանք պետք է մատնանշել և լուծել։ Ընդ որում, Ռուսաստանից ստացվող ազդակները բավականին մտահոգիչ են։ Բոլորը պետք է հետևություններ անեն։ Եթե այսպես շարունակվի, շատ ավելի վատ է լինելու։ Պետք է փորձել հարաբերությունները բարեկամական հուն վերադարձնել», — եզրափակեց Լևոն Քոչարյանը։